Օշական գյուղի նշանավոր վայրերը

Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցի` 1875-79թթ., կիկլոպյան ամրոց` մ.թ.ա. II հազ..
 Օշականը (Արագածոտնի մարզ) որպես բերդ առաջին անգամ հիշատակում է պատմիչ Փավստոս Բուզանդը, IVդ. 1-ին կեսի անցքերի կապակցությամբ։

Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում, Օշականը եղել է նրանց սեփականաթյունը։ 336թ.-ին, Մազքթաց Մանեսան թագավորի դեմ կռիվներում ցուցաբերած սխրագործությունների համար, Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակն այն ընծայել է Վահան Ամատունուն։ Ամատունիների նախաձեռնությամբ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը։ 442թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։ Վկայություններ կան, որ Մեսրոպ Մաշտոցը Օշականում հիմնադրել է դպրոց։ Իր կառույցներով և բերքառատ այգիներով Օշականը հետագայում էլ եղել է Հայաստանի նշանավոր գյուղերից մեկը։ 1826-1828թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայ աշխարհազորայինները և ռուսական զորքերը գեներալ Ա.Ի.Կրասովսկու գլխավորությամբ Օշականի մոտ արյունահեղ մարտ են մղել Աբբաս-Միրզայի 30հազ. բանակի դեմ:
Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. VII-Vդդ., 0,25հա տարածքով քառանկյուն ամրոց։ 2,5-2,65մ հաստությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիսից-հարավ անցնող միջնապատով) կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ.թ.ա. VIIդ. հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։

Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ.թ.ա. IIIդ. անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև IIդ.։ Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։

Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր):

Օշականի կենտրոնում կանգուն է Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 443թ.-ին Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875-79թթ.-ին կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443թ.). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով (հյուսիսայինը փակված է, իսկ հարավայինը՝ բացվում է դեպի ավանդատուն)։ Եկեղեցու ներսը 1960-ական թթ. ծածկվել է որմնանկարներով (Հ.Մինասյան)։ Արևելյան կողմից կից է երկհարկ զանգակատունը (1884թ.), այն հայկական ճարտարապետության մեջ բացառիկ է, ինչպես տեղադրությամբ, այնպես էլ գլանաձև ծավալով, մուտքը խորանից է։

Օշականից հյուսիս-արևելք «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է Ս.Սիոն եկեղեցին (VIIդ.)։

Օշականում կանգուն է վաղ միջնադարյան ինքնատիպ կոթող (VI-VIIդդ.), որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքարը:

Գյուղից արևելք, հին գերեզմանատունն է, բարձր պատվանդանների վրա կանգնեցված խաչքարերով։

Օշականում և նրա շուրջը գտնվում են Թադևոս Առաքյալ, Ս.Գրիգոր, Ս.Սարգիս, վիմափոր Ս.Աստվածածին, Թուխ Մանուկ մատուռները (XIIIդ.)։

Օշականից հարավ, Քասաղ գետի վրա, Նահապետ կաթողիկոսի՝ 1706թ-ին կառուցած սրբատաշ կարմիր տուֆից հնգաթռիչք կամուրջն է։

Օշականի մոտ կանգուն է XIXդ. հայկական մեմորիալ արվեստի հազվագյուտ հուշարձաններից մեկը՝ 1827թ.-ին Արևելյան Հայաստանի ազատագրման համար զոհված ռուսական բանակի զինվորների հիշատակին 1833թ.-ին կառուցված կոթողը։

Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s