ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ԵՒ ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ:

Այս հոդվածը 17-18-րդ դարերում ապրած հայտնի ազատագրական գործիչ Իսրայել Օրու մասին է, ով առաջին դիվանագետն էր, որ վերանայեց Հայաստանի ազատագրության հասնելու, այդ ժամանակաշրջանում, ավանդական և անհեռանկարային քայլերը: Նրա գործունեությունը հիմնականում կապված է Ռուսաստանի, Ռուսական արքունիքում վարած բանակցությունների հետ: Ասում են՝ Օրին կարողանում էր հարցին ոչ այնքան զգացմունքային, որքան սառը, դիվանագիտական ու առարկայական մոտեցում  է ցուցաբերել։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ էր նա հենց Իսրայել Օրի կոչվում: Առաջին վարկածն այն է, որ նա կոչվել է Իսրայելի որդի Իսրայել: Օտար երկրում զեղչվել է «որդի» բառի վերջին տառը այսպիսով մնացել է Իսրայել Որի կամ Օրի: Մի ուրիշ վարկած ասում է, որի Օրիի անունը իրականում Եաւրի էր: Իսկ Եվրոպայում անձնանունների դեպքում հայրանունը դառնում է նախադաս: Եաւրիի անունն էլ ըստ ֆրանսիական ընթերցանության կանոնների պիտի գրվեր Jauri ու կարդացվեր Իօրի, որի սկզբնատառի զեղչմամբ կարող էր առաջանալ նոր անունը՝ Օրի: Պատմիչ Լեոյի պնդմամբ, այս երկու ենթարդրությունները, ճիշտ է՝ հավանական են, բայց հնարավոր է նաև, որ Օրին պարզապես ցանկացելէ փոխել իր ազգանունը (ինչպես և շատ հայեր էին/են անում), հավելյալ խնդիրներից խուսափելու համար: Մեկ այլ հարց։Որտեղացի՞ էր Օրին: Այս հարցի պատասխանը թերևս թաքցվում է բոլոր այն թղթերում, որտեղ խոսք է լինում Օրու մասին: Ըստ Օրիի թողած մի պատմության, որտեղ նա մանրամասնորեն նկարագրում էր իր հայրենի գյուղը, կարելի է եզրակացնել, որ այն Էջմիածնին մոտ ինչ-որ գյուղ էր (գուցե հենց Աշտարակը, քանի որ այնտեղ ապրում էր Պռոշ իշխանի տոհմի մի ճյուղը): Ապրիլի վեցին հեռանալով հայրենի գուղից նա նույն ամսի յոթին հայտնվում է Սիսիան գավառի Անգեղակոթ գյուղում, իսկ ութին՝ Գանձասարի վանքում: Տեղափոխության նման արագությունը և Սպահանում գործող Եզուիտ կրոնավորներից մեկի վկայությունը, համաձայն որի Օրին ծնունդով Կապանլուից է, առիթ է ստեղծում հերքելու նախորդ փաստը և հավատալու հենց այս վարկածին, համաձայն որի, Օրին Կապանլու կամ Ղափան տարածաշրջանից է:  Մելիքների վկայությամբ նա ազնվատոհմ էր: Նրա տոհմից երեք հոգի նահատակվել էին քրիստոնեական հավատի համար, մեկը դասվել էր սրբերի շարքին: Հայրը՝ Մելիք- Իսրայելը, քաղաքական գործիչ էր, ում անհավատները փորձում էին սպանել: Հենց դա է պատճառը, որ նա չգնաց Հակոբ կաթողիկոսի հետ, իր փոխարեն ուղարկելով քսանամյա որդուն՝ Օրիին: Հենց այստեղից էր, որ Oրին սկսեց իր գործունեությունը՝ որպես քաղաքական գործիչ:

Իսրայել  Օրին Եվրոպայում։

Օրին Արևմտյան Եվրոպայի երկրներում մնացել է շուրջ քսան տարի: 1701 թվականի հուլիսի 29ին Ռուսաստանում տված հարցազրույցից է, որ տեղեկանում ենք, որ Հակոբ Ջուղայեցու մահվանից հետո կազմված պատգամավորությունը ցրվում է: Մնում է միայն Իսրայել Օրին, ով նավով մեկնում է Վենետիկ: Այնուհետև մեկնում է Ֆրանսիա, որտեղ ծառայում է ֆրանսիական բանակում, մասնակցում է ֆրանսիա-անգլիական պատերազմին, որտեղ և գերի է ընկնում: Անգլիական գերությունից ազատվելով նա բնակություն է հաստատում Դյուսելդորֆ քաղաքում (Գերմանիա), որը այն ժամանակ Պֆալցի իշխանության մայրաքաղաքն էր: Պֆալցի կուրֆյուրստը (իշխանը) այդ ժամանակ Հովհան Վիլհելմն էր (նույնպես ազնվատոհմ ու ազդեցիկ մեկը, ով ազգակցական կապեր ուներ շվեդական, սաքսոնականև լեհական թագավորների հետ): Դյուսելդորֆում Օրին ապրուստի միջոց գտնելու համար, ինչպես մելիքներն են նշում՝ շատ ստորություններ կրեց: Բանը հասավ նրան, որ նա որոշ ժամանակ վաճառական էր և զբաղվում էր ցորենի և գինու առևտրով: Սյունիքի մելիքները կուրֆյուրստին ուղարկված գրությունում ցանկանալով արդարարցնել Օրիի վաճառականությամբ զբաղվելու քայլը գրում են, որ «նա հարկադրված է եղել ազնվական բարձր դիրքից իջնել մինչև առևտրականի ցածր աստիճանի»: Լեոն գրում է, որ Դյուսելդորֆում Իսրայել Օրին քիչ-քիչ ամրապնդեց իր դիրքերը և հայտնի դարձավ անգամ կուրֆյուրստին: Նա արդեն կարողանում էր Վիլհելմին ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը: Ասում էր, որ Հայաստանը թե ֆինանսական և թե մարդկային/զինվորական ռեսուրսներ ունի, միայն առաջնորդ չկա, ով կղեկավարի այս շարժումը և հաջողության կհասնի: Առաջնորդի դերը ստանձնելու դիմաց Վիլհելմը պիտի դառնար Հայաստանի թագավոր: Այս առաջարկը, բնականաբար, ձեռնատու էր Վիլհելմին: Այդ շրջանում Ասիայում տիրող քաղաքական իրավիճակը Օրիին ու Վիլհելմին ստիպում էին մտածել, որ Հայաստանը ազատագրելու միտքը կարելի է հեշտությամբ իրագործել: Սակայն հարց է առաջանում, թե ինչու այդքան ազդեցիկ դիրք ձեռք բերած Օրին, ով 12 տարի Ֆրանսիայում ծառայել էր ժամանակների ամենաազդեցիկ թագավոր Լուի ԺԴ-ին, չդիմեց նրան նույն հայոց հարցով: Պրոֆեսոր Հեյգերը ասում էր, որ Օրին շատ էր ուզում դիմել այդ քայլին, խոսել «արև-թագավորի» հետ, սակայն ինչպես երևում է, մի շարք հանգամանքներ (գլխավորապես Թուրքիայի արևելքում կատարվելիք դեպքերը) արգելք են հանդիսանում նրա համար: Թուրքական հարցը իր ուժգնությամբ «տեղափոխվեց» Վիեննա, և Լեոպոլդ կայսրն էր, որ այդ ուժը զսպողը, խորտակողն էին հանդիսանում: Ուրեմն արևելքի ճակատագիրը քիչ-քիչն անցնում էր հռովմա-գերմանական կայսրի ձեռքը: Ֆրանսիային և նրա թագավորին մնում էր միայն հետևել իրադարձությունների զարգացմանը:

 

Օրին էլ կարծում էր, թե հայոց հարցը Լեոպոլդ կայսրին կարելի է ներկայացնել միայն Պֆալցի կուրֆյուրստի միջոցով: Ահա թե ինչու էր նա փորձում լավ հարաբերություններ հաստատել Հովհան Վիլհելմի հետ: Սա, ինչպես Լեոն է կարծում, խնդիրը լուծելու միանգամայն անսխալ ճանապարհ էր: 1697 թ.-ին, երբ Ավստիրիան թուրքերին Տիսսա գետի մոտ «ջարդ տվեց», թուրքերը ստիպված եղան ընդունել իրենց պարտությունն ու հաշտության պայմանագիրը Ավստիրայի թելադրած կանոններով կնքել (1698 թ, Կարլովից անունով վայր): Սա կարելի է համարել առաջին ուժգին հարվածը, որից հետագայում սկսեցին քանդվել թուրքական պետության հիմքերը: Այս հաղթանակն էր, որից ոգեշնչվեց Հովհան Վիլհելմը և հանձն առավ Հայաստանը ազատագրելու իր «պարտականությունը»: Այդ էր պատճառը, որ Օրիին դիվանագիտական առաքելությամբ ուղարկեց Հայաստան: 1698 թ-ի օգոստոսի երկուսին Օրին թողնելով Դյուսելդորֆը ուղրևորվեց դեպի Հայաստտան: Վիլհելմը, իհարսկե, ուզում էր, որ Հայաստանում նա իշխաններին ներկայանա ոչ միայն իր այլև Լեոպոլդ կայսրի անցագրով: Ուստի Օրին դիմում է կյասրին այն ստանալու նպատակով, սակայն մերժվում է: Կայսրը մերժումը պատճառաբանում է նրանով, որ իշխանները իրեն չեմ դիմել և անհասկանալի էր դառնում, թե ինչին է նա պատասխանում: Բացի այդ այս քայլը կարելի է բնութագրել որպես զգուշավորություն, քանի որ եթե այդ թղթերը ընկնեին թուրքերի ձեռքը, կստացվեր, որ նա արհամարհում է իրենց (թուրքերի) հետ կնքվող հաշտությունը: Ուրեմն Օրին բավարարվեց միայն կուրֆյուրստի թղթերով և ճանապարհ ընկավ: Վիեննայից Թուրքիա ուղևորվելու փոխարեն նա բռնեց Կրակովի ճանապարհը՝ դեպի Լեհաստան և Մոսկովիա՝ Անդրկովկաս հասնելու համար: Օրին շատ փորձություններով անցնելուց հետո ի վերջո կանգ է առնում Թուրքիայում, որտեղից էլ նրան թույլատրում են շարունակել իր դեպի Հայաստան ճամփորդությունը միայն Կարլովիցի դաշնագրի հաստատումից հետո: Պոլսի պատրիարքը, ում Օրին վստահում էր, ապահովեց նրա անվտանգ ճանապարհը դեպի Երևան:

 

ՕՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ԺՈՂՈՎ:

1699 թ-ի ապրիլի չորսին Օրին հասնում է Էջմիածին, այցելում Նահապետ կաթողիկոսին: Այս այցը հիմնավորված էր նրանով, որ Օրիի Արևմուտքին առաջարկած ծրագրում մեծ դեր ուներ հայ ժողովրդի կրոնական կենտրոնը: Սակայն հանդիպում է կաթողիկոսի բացասական վերաբերմունքին, որը ըստ մելիքների գալիս էր նրա անհավատներին նվիրված լինելու, Պարսկաստանի հետ համագործակցելու պատճառներից: Նահապետը համարվում էր, եթե ոչ արդեն կաթոլիկացած, ապա գոնե կաթոլիկության կողմնակից մեկը, ով, ըստ կաթոլիկ գրողների, իր հպատակությունն էր հայտնել Հռոմի Պապին: Այնուհետև նա շտապում է Ղարաբաղ՝ մելիքների մոտ: Երթուղին այսպիսին էր՝ Էջմիածին- Սիսիան- Գանձասար: Վիլհելմին ուղարկած իր նամակներում, նա մանրամասնորեն նկարագրում է իր այցելած գյուղերը: Պատմում է նաև, որ անգամ իր հայրական տանը (Աբրահամյանը Օրիի հայրենի գյուղ է համարում Վայոց Ձորի Մարտիրոս գյուղը, սակայն տեղեկությունը նույնքան անհիմն է, որքան այս հարցի շուրջ մյուս ենթադրությունները), քրոջ ու եղբայրների մետ, չի բացահայտել իր ով լինելը: Դրանով

 

ուզում էր ցույց տալ իր բացարցակ նվիրվածությունը սկսած գործին, մոռանալով, որ իր եղբայրը ևսմելիքներից մեկն էր, ով պիտի մասնակցեր Անգեղակոթում կայանալիք ժողովին և ուշ թե շուտ իմանար իր ով լինելը: Ուրեմն սա պարզապես համարենք չափազանցություն: Մելիաքական դասի մեջ ամենաազդեցիկներից մեկը Մելիք-Սաֆրազն էր, ում և Օրին պատմում է իր ով լինելու և իր հետագա ծրագրերի մասին պայմանով, որ այն, ինչ կպատմի գաղտնիք է: Այսպիսով՝ Օրին Մելիք-Սաֆրազի և էլի մի քանի մելիքների հետ մեկնում է Գանձասար՝Փիլիպոս կաթողիկոսին հանդիպելու: Ինոկենտիոս Պապին ուղարկած գրությունում մելիքները պատմում են, որ իմանալով Փիլիպոսի վերաբերմունքը այսպիսի հարցերին, նրանք խորհուրդ տվեցին Օրիին մինչև վերջ չբացահայտել ծրագիրը: Սակայն Օրին առաջարկեց լռել և լսել իրեն: Կաթողիկոսը միանշանակ դրական ընդունեց Վիլհելմի Հայաստանն ազատագրելու ծրագիրը մինչև այն պահը, երբ տեղեկացավ, որ կուրֆյուրստը միառժամանակ պիտի վերահսկի կատարվող աշխատանքը , ֆինանսական միջոցները և այլն: Բանակցությունը վերածվեց դավանաբանական վեճի, Գանձասարը հրաժարվում էր ընդունել կաթոլիկություն: Օրին, իհարկե, սկսեց ապացուցել կաթոլիկության միակ ճշմարիտ կրոնը լինելու փաստը` հին ու նոր կտակարաններից մեջբերումներ արեց և այլն: Վեճը թեժացավ վերածվեց կռվի, մելիքները Օրիին հորդորեցին հեռանալ Գանձասարից: Այս իրադարձությունը միառժամանակ կասկածելի է: Հնարավոր է, որ մելիքները դրանով պարզապես ուզում էին Օրիի անձը գովել, ցույց տալ նրա կազմված ծրադրի և կաթոլիկության հանդեպ նվիրվածությունը: Փաստորեն երկու խոշոր կրոնական կենտրոններն էլ դեմ էին Օրիի ծրագրերին: Սակայն Օրիի հետ Եվրոպա պիտի մեկներ երկրի ներկայացուցիչներից մեկը: Զգուշանալու և Վիլհելմի մոտ կասկածներ չհարուցելու համար մելիքները պնդում էին, որ այդ մեկը պիտի հոգևորական լինի: Ի վերջո Անգեղակոթի մոտ գտնվող Ս. Հակոբ վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանյանը Օրիի հետ մեկնելու համաձայնություն տվեց: Ուրեմն՝ այս հարցը լուծված էր: Օրին մելիքների հետ կրկին տեղափոխվեց Անգեղակոթ գյուղ (գյուղի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն հեռու էր պարսկական իշխանությունների անմիջական հսկողությունից, այսինքն՝ ավելի ապահով էր ու վստահելի), որտեղ տեղի ունեցավ մոտ քսան օր տևած ժողով: Այստեղ քննարկվեցին մի շարք գաղտնի, դիվանագիտական հարցեր: Նշեմ, որ ժողովին մասնակցում էին տասնմեկ հոգի: Կարելի է ասել, որ այս ժողովի ընթացքում կազմված ծրագրով սկիզբ էր դրվում Եվրոպայի հետ բանակցություններին: Այնուամենայնիվ Օրին հասկանում էր, որ պետք չէ միայն Եվրոպայի հետ հույսեր կապել: Ուստի կարողացավ մելիքներին համոզել և նույն հարցով մի խնդրագիր էլ Ռուսաց ցար Պետրոս Մեծին ուղարկել: Խնդրագիր բառը ճիշտ բնորոշում է այդ գրության իմաստը, քանի որ այն կրում էր ավելի շատ խնդրանքի, աղերսանքի բնույթ: Մելիքները խնդրում էին այդ ժամանակներում հզորացող Ռուսաստանից գալ և ազատագրել իրենց հայրենիքը: Ըստ այդ ծրագրի, ստեղծվող Հայաստանի թագավորը պիտի հայ լիներ (պարզ է, որ Իսրայել Օրիին նկատի ունեին), իսկ Ռուսաստանը պիտի միայն հովանավորի դերում հանդես գար: Օգնության դիմաց կար միայն մի խոստում, որը հնազանդությունն էր: Այս խնդրանքը հայերին ձեռնտու էր նրանով, որ բացակայում էր դավանափոխության հարցը: Մյուս կողմից էլ, Եվրոպայի հետ ավելի շատ էր կարելի հույսեր կապել, քանի որ նախ՝ ազատագրության դիմաց «վճարելու էին» և երկրորդ՝ Վիլհելմը որոշակի քայլեր արել էր ազատագրությունն իրագործելու համար: Եվ պարզ է, որ դավանափոխությունն ու Վիլհելմի գահակալությունը մելիքների սրտով չէր, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե զգացմունքների ու սկզբունքների մասին, այլ քաղաքականության ու քաղաքական շահի:

 

ՄԱՀ:

Օրին երկար չմնաց Պարսկաստանում: Պետրոս Մեծի հրամանով նա իր հետ պիտի տաներ քսան հայ մետաքսագործների ընտանիք, զանազան իրեր և ընծաներ: Ուստի այդ ամենը Աստրախան տեղափոխելու համար նա Պետրոսից խնդրեց չորս նավ, սակայն ստացավ միայն երկուսը: Նավերից մեկը տեղ հասավ, մյուսը, որում Օրին էր, փոթորիկի պատճառով խորտակվեց: Օրին և նավում գտնվող մյուսները կարողացան ափ դուրս գալ: Ստիպված էին ձմեռն անցկացնել Նիզովոյում: Ընթացքում կապ էր պահպանում Մինաս վարդապետի հետ, տեղեկանում իրավիճակի մասին: Հիշենք, որ Եսայի Հասան Ջալալյանը իր երկու եպիսկոպոսներով նույնպես միացել էր Օրիին: Ի վերջո նրանք 1711թ.-ին բարեհաջող հասնում են Աստրախան, որտեղ Օրին Մոսկվա մեկնելու պատրաստություն էր տեսնում: Աստրասխան հասնելուց մեկ ամիս անց հանկարծամահ է լինում: 1711 թ նոյեմբերի յոթի գրությամբ Պետրոս Մեծին հայտնում են, որ «Հռոմեական Պապի դեսպան Իսրայել օրին իր մարդկանցով ծովային ճանապարհով նավով եկել է Աստրախան և ապրել է ամսից քիչ ավելի ժամանակ և մահացել օգոստոս ամսում ու թաղվել հայկական ծեսով Աստրախանում, Հայոց եկեղեցու մոտ»: Թաղման կարգը կատարեց Եսայի կաթողիկոսը, ով Օրիի մահվանից հետո չշարունակեց իր ճանապարհը և վերադարձավ Գանձասար:

 ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ։  ՎԵՐՋԱԲԱՆ:

Ամփոփելով Իսրայել Օրու գործունեությունը տեսնենք,թե  ի՞նչ արեց նա: Ինքնուրույն, առանց ինչ-որ մեկի միջնորդության, կապեր հաստատեց կուրֆյուստի հետ, ով հետագայում նրան բավականին շատ օգնեց իր նպատակն իրագործելու հարցում: Օրին գործեց անձնվիրաբար, զոհաբերեց անգամ սեփական, հենց թեկուզ ֆինանսական միջոցները իր նպատակին հասնելու համար: Առաջինն էր, ով ազատագրության հարցին դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց: Իհարկե, պատմված բոլոր պատմություններին, թողած բոլոր արձանագրություններին հավատալ հնարավոր չէ: Քանի որ հնարավոր է՝ նա ստում էր կուրֆյուստին հանուն Հայաստանի ազատագրման: Ինչպես օրինակ՝ ներկայացնում էր, որ Հայաստանը հարուստ մի երկիր է, մինչդեռ այդ շրջանում Հայաստանը ավելի քան աղքատ էր:Օրին գործում էր անձնվիրաբար, ուներ նպատակ և, հետևաբար, ամեն ինչ անում էր դրան հասնելու համար: Այն դեպքերից է, երբ բոլոր դրական խոսքերը չափազանցություն չեն կարող համարվել: Դրանք միայն իրականությունն են:

 

Այդքան ջանքերից հետո գործը չհաջողվեց: Կարող ենք գտնել երկու մեղավոր: Առաջինը՝ շարժման «հովանավոր» պետությունների կարգավիճակն էր. Երկուսն էլ զբաղված էին ավելի կարևոր հարցերով, քան Հայաստանի ազատագրումն է: Եվ հետևաբար ծրագիրն իրագործելը շարունակ ձգձգվում էր: Եվ երկրորդ մեղավորը գուցե հենց Օրին էր, ով երևի տվյալ պետությունների ուշադրությունը իր ծրագրերի վրա գրավելու փոխարեն համբերատար սպասում էր: Եվ ի՞նչ… Թվում է, թե շուտով իրագործվելու է ծրագիրը, բայց Օրին մահանում է, Ջալալյանը գնում Գանձասար: Ուրեմն՝ շարժումը այլևս ղեկավար չուներ, հետևաբար վերանում է։Շարժումը ավելի ինտելեկտուալ բնույթի էր: Այսինքն նախապես մտածված էր, ծրագրված, առանց սկզբնական աղմուկի, ջարդի: Մյուս կողմից այն մնաց միայն թղթի վրա, և ստացվեց, որ այն միայն տեսական բնույթ կրեց:

ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ

images

Հովսեփ Էմին (Էմին Հովսեփ Էմինյան 1726, Համադան, Իրան  — օգոստոսի 2 1809, Կալկաթա, Հնդկաստան)՝ հայ ազատագրական պայքարի գործիչ։ Նա մեծ ներդրում ունի հայ ազատագրական մտքի զարթոնքի մեջ, և ժամանակագրական առումով երկրորդն է՝ Իսրայել Օրուց հետո։

ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ:

Հովսեփ էմինի՝ Հայաստան գալը անսպասելի չէր: Նա վաղուց էր առիթ փնտրում իր երազանքը կատարելու: էմինը շատ վատ գիտեր այն միջավայրը, ուր պատրաստվում էր գործելու: 1759 թ. մայիսին նա դուրս եկավ Անգլիայից և Ճենովայի վրայով նավարկեց մինչև Ալեքսանդրեկ: Այստեղից գնաց Հալեպ և նույն թվականի վերջերին երկու հայերի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ դեպի Հայաստան, որը բացասական ցնցող տպավորություն թողեց նրա վրա: Նա տեսավ թշվառ ու աղքատ մի երկիր, ստրուկ ու վախեցած մի ժողովուրդ, որի մեջ չէր մնացել անգամ պատմական հիշողություն: Կարինի գյուղերից մեկում էմինը սկսում է հատվածներ կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», գյուղացիներին բացատրել, որ հայերն էլ երբևիցե ունեցել են սեփական պետություն և թագավոր, բանակ և իշխաններ: Նա գյուղացիներին քարոզում էր, թե Աստծու կողմից բոլոր մարդիկ ու ժողովուրդները ստեղծվել են հավասար: Հետևաբար, բանական էակը չպետք է հանդուրժեր ուրիշի գերին լինելը: Իսկ եթե որևէ ժողովուրդ գերի է, ապա բնական է, որ նա պետք է պայքար մղի իր ազատության համար: Բովանդակ Հայաստանում նա չհանդիպեց որևէ մեկին, որը համակրեր իր ծրագրերը, չտեսավ այն ուժը, որը կարող էր բարձրանալ պայքարի: էմինի հիասթափությունը ակներև էր: Անգամ Ս. էջմիածնում։

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Սուրբ Էջմիածին,ուր նա ժամանեց 1760 թ. ապրիլին, անբարյացակամորեն ընդունեցին նրան: Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին սկզբում ինչ-որ հույսեր ներշնչեց, սակայն լինելով խիստ զգուշավոր և զուսպ,բավարարվեց միայն սաստելով այն հոգևորականներին, որոնք փորձում էին վարկաբեկել էմինին: Ս. էջմիածնում և Երևանում էմինը մանրամասն տեղեկություններ է քաղում տարածաշրջանի կացության, Պարսկաստանի ու Վրաստանի հարաբերությունների, Արցախի դրության, մելիքների քաղաքական ակնկալությունների մասին: Նա հասկացավ, որ հայերի հայացքն ուղղված է դեպի Ռուսաստան, և նրանք այստեղից են սպասում իրենց երազած ազատագրությունը: Այդ էր վկայում նաև 1760 թ. հուլիսի 17-ին Հակոբ Շամախեցու գրած ուղերձը կայսրուհի Ելիզավետա Պետրովնային: Այստեղ կաթողիկոսը կայսրուհուն խնդրում էր իր վրա վերցնել «դժբախտ հայ ժողովրդի հոգատարությունը»: Այդ մտայնությունը տիրապետող էր բոլոր այն շրջաններում, որոնց հետ էմինը շփումներ ունեցավ։ Դա էմինի համար նշանակում էր վերանայել իր նախորդ ծրագրերը և Հայաստանի ազատագրության համար նախ և աոաջ դիմել Ռուսաստանի օգնությանը: Նա գիտակցում էր, որ անհրաժեշտ է անձամբ գնալ Ռուսաստան և ուղղակի կապեր հաստատել ռուս քաղաքական գործիչների հետ:

 

1761 թ. էմինը Հայաստանից վերադարձավ Անգլիա և Լոնդոնում կապեր հաստատեց Ռուսաստանի դեսպան կոմս Ա. Մ. Գոլիցինի հետ: Դեսպանը ընդառաջեց Ռուսաստան մեկնելու էմինի ցանկությանը և նրան հանձնեց ոչ միայն անձնագիր, այլև ցարական արքունիքի բարձրաստիճան անձանց ուղղված հանձնարարականներ ու երաշխավորագրեր: Մասնավորապես կարևոր էին Ռուսաստանի վարչապետ Մ. Ե. Վորոնցովին և արտաքին գործերի վարչությանը հասցեագրված հանձնարարականները:

1761 թ. նոյեմբերին էմինը հասնում է Ս. Պետերբուրգ, ուր Ռուսաստանում Անգլիայի դեսպանը նրան ներկայացնում է վարչապետ Վորոնցովին: Հանդիպումը տեղի է ունենում վերջինիս բնակարանում: Վարչապետը մանրամասն հետաքրքրվում է էմինի ծրագրերով և եզրակացնում, որ նա այն անձն է, որը կարող է օգտակար լինել Կովկասում՝ Ռուսաստանի արտաքին շահախնդրությունների տեսակետից: Հանդիպման արդյունքների մասին Վորոնցովը տեղյակ է պահում կայսրուհի Ելիզավետա Պետրովնային, որն իր համակրանքն է հայտնում էմինի ծրագրերին, միաժամանակ չափազանց դրական արտահայտվում հայերի՝ որպես ազնիվ և նվիրված ժողովրդի մասին։Ահա թե ինչու վարչապետն առանց այլևայլության անցագիր է տալիս էմինին և հանձնարարական նամակ՝ ուղղված Հերակլ II-ին: Բացի այդ, նա էմինին ներկայացնում է Ս. Պետերբուրգում գտնվող վրաց գահազուրկ թագավոր Թեյմուրազ II-ին, որը խոստանում է հանձնարարական նամակ տալ ուղղված որդուն՝ Հերակլ II-ին: 1762 թ. սեպտեմբերին, Մոսկվայում։

ԵԿԱՏԵՐԻՆԱ II ԹԱԳՈՒՀԻ

Եկատերինա II-ի թագադրությունից անմիջապես հետո, էմինը դարձյալ հանդիպում է ունենում Վորոնցովի հետ: Նոր կայսրուհու անունից վարչապետը հայտնում է էմինին, որ նա նույնպես դրական վերաբերմունք ունի հայ գործչի ծրագրերի նկատմամբ, և երբ վրա հասնի հարմար պահը, ինքը օգնելու է հայերին: Միաժամանակ էմինին առաջարկություն է արվում մտնել ռուսական զինվորական ծառայության մեջ, բայց նա հրաժարվում է և պատրաստվում մեկնել Վրաստան:

էմինի՝ Վրաստան մեկնելու նպատակը ոչ թե Հերակլին ծառայելն էր, այլ Հայաստանի ազատագրումը: Վրացական բանակի և հայ մելիքների ապստամբական ուժերի միջոցով Արևելյան Հայաստանն ազատագրելուց հետո, նրա պատկերացմամբ, երկու երկրների միջև պետք է կնքվեր պատվավոր դաշինք, որի հետևանքով ստեղծվելու էր հայ-վրացական դաշնակցային պետություն և թագավոր էր դառնալու Հերակլ II-ը: Նորաստեղծ պետության նկատմամբ պիտի հաստատվեր ռուսական հզոր տերության խնամակալությունը՝ որպես այդ երկու քրիստոնյա փոքր ժողովուրդների անվտանգության գրավական: էմինի այդ ծրագիրը խոսուն վկայություն էր նրա քաղաքական հասունության: Նա արդեն վճռականորեն հանդես էր գալիս որպես ռուսական կողմնորոշման համոզված կողմնակից, իսկ նրա ռոմանտիկ հրապուրանքներն ու երազանքները փոխարինվում էին երևույթների իրատես գնահատությամբ:

էմինի գործունեությունը Ռուսաստանում, նրա ծրագրերն ու գաղափարները խիստ հետաքրքրեցին ռուսահայ նորելուկ մտավորականությանը, բազում առևտրականների: Շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել նրան։Մոսկվայում նրան մտերմացավ մեծահարուստ Հովհաննես Լազարյանը, որը հետագայում պետք է դառնար հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից մեկը: Լազարյանը, ինչպես նաև մոսկվայաբնակ ուրիշ հայեր նյութապես օժանդակեցին էմինին: Մոսկվայում էմինին միացավ նրա հեռավոր ազգական արցախեցի Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում՝ 30 հայ խանդավառ երիտասարդներ, որոնք պատրաստ էին նրա հետ մեկնել հայրենիք ու կռվել նրա ազատագրության համար:

1763 թ. փետրվարին էմինը դուրս եկավ Մոսկվայից և Աստրախանի ու Ղզլարի վրայով մեկնեց Վրաստան: Ամենուր հայերը նրան դիմավորում էին մեծ շուքով ու հանդիսություններով՝ որպես Հայաստանի ազատարարի, շատերը պատրաստակամություն էին հայտնում նյութապես օգնելու նրան:

XVIII դարի երկրորդ կեսին, Նադիր շահի սպանությունից հետո, Վրաստանը աստիճանաբար սկսում է հզորանալ: Թեյմուրազ II-ի և հատկապես նրա որդու՝ Հերակլ II-ի օրոք Պարսկաստանի ծայրագավառներից մեկը՝ Գյուրջիստանը, ձեռք է բերում լիակատար անկախություն և դառնում տարածաշրջանի քաղաքական կարևոր միավորներից մեկը: Հերակլ II-ը, անկասկած, ժամանակի երևելի պետական գործիչներից էր: Նրա անունը լայնորեն հայտնի էր ոչ միայն Մերձավոր Արևելքի ու Ռուսաստանի, այլև Արևմտյան Եվրոպայի քաղաքական շրջաններում, և պատահական չէր էմինի հետաքրքրությունը նրա անձով: Ճիշտ է, նրա պատկերացումները Հերակլի մասին գունազարդված էին և չէին համապատասխանում իրականությանը: Անշուշտ, Հերակլը հեռու էր ազատարար թագավորի այն կերպարից, որ իր մտքում կերտել էր էմինը: Խելացի, խորամանկ, երկդիմի այս միապետը ցանկանում էր տնտեսական ու ռազմական բարեփոխումների միջոցով զարգացնել երկիրն ու եվրոպականացնել: Ահա թե ինչու նրան անհրաժեշտ էին եվրոպական կրթություն ունեցող մասնագետներ: Հենց այս տեսակետից էլ նա ընդունեց էմինին և որոշեց օգտվել նրա ծառայություններից: 1763 թ. ապրիլի վերջերին էմինը ժամանեց Թիֆլիս: Դեռ քաղաք չմտած նրան հանդիսավորությամբ դիմավորում են հայ -վրացական հեծելազորային մի ջոկատ և բազմաթիվ խանդավառ հայեր: Հերակլ II-ը նրան ընդունեց մեծ պատվով ու հարգանքով: Նա ուշադրությամբ լսեց էմինի առաջարկությունները՝ Վրաստանում ռազմական դպրոցներ հիմնադրելու, վրացական բանակը եվրոպական եղանակով վարժեցնելու, երկրի տնտեսությունը զարգացնելու, լուսավորություն տարածելու, պետական կյանքում բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ: Բայց երբ էմինը փորձեց խոսք բացել իր ծրագրերի մասին, պարզ դարձավ, որ վրաց թագավորը չի բաժանում դրանք: Հերակլը շատ օգուտներ էր ակնկալում էմինի ներկայությունից ի շահ Վրաստանի: էմինն իր թիկնապահ ջոկատով մարտնչում է Վրաստան ներխուժած լեզգիների դեմ, ձեռնամուխ է լինում վրացական բանակի վարժեցմանը և այլն: Հասկանալով, որ ոչինչ էմինին չի կարող հետ պահել իր ազատագրական ծրագրերից, Հերակլը ուղիներ է փնտրում նրան Վրաստանից հեռացնելու:

Վրաստանից էմինը աշխույժ նամակագրական կապ է հաստատում Երևանի մեծամեծների, Արցախի մելիքների, Հայոց կաթողիկոսի, հոգևորականության առանձին ներկայացուցիչների հետ և փորձում շոշափել նրանց տրամադրությունները, ազատագրական շարժմանը աջակից լինելու պատրաստակամությունը: էմինի գործունեությունն անհետևանք չմնաց: Նրա գաղափարները խանդավառեցին ոչ միայն Արցախի մելիքներից շատերին, այլև Արևմտյան Հայաստանի հոգևորականության որոշ ներկայացուցիչների:

XVIII դարի կեսերին արևմտահայ ազատագրական շարժման գործիչների շրջանում ևս արմատացել էր Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու գաղափար։ Այդ ակնկալությունները հատկապես ավելի ուժեղացան, երբ Ռուսաստանը սկսեց վճռական դեր խաղալ մերձավոր արևելյան քաղաքականության մեջ:

Հովսեփ էմինի գործունեության մասին տեղեկություններ էին թափանցել նաև Արևմտյան Հայաստան, ուր ազատագրական շարժման յուրօրինակ կենտրոն էր դարձել Մշո Ս. Կարապետի վանքը:

ՄՇՈ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ  ՎԱՆՔ

Վանքի վանահայրը՝ Հովնան եպիսկոպոսը, ժամանակի ուսյալ և բազմակողմանի գիտելիքների տեր հոգևորականներից էր և մեծ հեղինակություն էր վայելում արևմտահայոց շրջանում: Նա սերտ կապեր ուներ Վանի, Կարինի առևտրա-արհեստավորական շրջաններում և Կ. Պոլսի ամիրայական միջավայրում: Հովնան եպիսկոպոսը լսելով Հովսեփ էմինի մասին, որոշում է կապ հաստատել նրա հետ և Մուշից հատուկ բանագնաց է ուղարկում Թիֆլիս: էմինին ուղղած նամակում Հովնանը հավաստիացնում էր, թե որոշ բացատրական,նախապատրաստական աշխատանքներից հետո արևմտահայերը կարող են բարձրացնել ապստամբություն, մանավանդ Տարոնում և Սասունում։Էմինի և Հովնանի միջև սկսվում է աշխույժ նամակագրություն: էմինը հափշատակվում է Հովնանի առաջարկությամբ և Մուշ է ուղարկում 30 հոգանոց կամավորական իր թիկնապահ ջոկատը, որը աստրախանցի Սիմոնի հրամանատարությամբ դրվում է Հովնանի տրամադրության տակ: Այս 30 կամավորներն առաջին ռուսահայերն էին, որոնք գնում էին Արևմտյան Հայաստան՝ իրենց արևմտահայ եղբայրներին օգնության:  1764 թ. սկղբներին Հովնան եպիսկոպոսը Մուշի երևելի հայերից մեկի` Ստեփանի միջոցով էմինին է ուղարկում մանրամասն նամակ-զեկուցագիր, որտեղ տեղեկացնում է, թե ինքը անցնող ամիսների ընթացքում կապեր է հաստատել Վանի, Կարինի, Դիարբեքիրի, Կեսարիայի, Թոխաթի, նաև Զմյուռնիայի և Կ. Պոլսի անվանի հայերի հետ, որոնք ողջունել և իրենց համաձայնությունն են տվել էմինի ազատագրական ծրագրերին, ինչպես նաև՝ եզդիների և ասորիների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու հայ ապստամբներին: Հովնանը հավաստիացնում էր էմինին, թե Արևմտյան Հայաստանում արդեն հավաքագրված են ապստամբությանը պատրաստ 40 հազար մարտիկ, առանձին վայրերում ստեղծվել են գաղտնարաններ, որտեղ պահևստավորվել են զենք, զինամթերք և անհրաժեշտ հանդերձանք: Ազատագրական պայքարի նպատակների համար Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում սկսել են կազմակերպել դրամական հանգանակություն, հանուն այդ նպատակի նվիրաբերվել է նաև եկեղեցական թանկարժեք ոսկե և արծաթե սպասք:

էմինը Հերակլին տեղյակ է պահում Հովնանի հայտնած տեղեկությունների մասին, միառժամանակ փորձում է նրան համոզել, որ զբաղվի Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցով: Պահն ավելի քան հարմար էր, քանզի Թուրքիայի և Վրաստանի հարաբերություններրը չափազանց լարվել էին, և թուրքերը պատրաստվում էին արշավել Արևելյան Վրաստան:Հերակլին հետաքրքրում էին ապստամբության մանրամասները: էմինը թագավորին խորհուրդ է տալիս վրացական 18 հազարանոց բանակը (6 հազար հեծյալ և 12 հազար հետևակ) Երևանի վրայով ուղարկել Բայազետ, այնուհետև՝ Վան, Կարին, Բասեն, Բիթլիս, Սասուն: Այս շրջանների ապստամբական ջոկատներին միանալու էին ազատարար բանակին և միասնական ուժերով ազատագրելու էին ողջ Արևմտյան Հայաստանը: էմինը շեշտում է, թե արևմտահայերը Հերակլ II-ին ընդունելու են որպես իրենց թագավոր: Արևմտահայ ազատագրական շարժման գործիչներին խրախուսելու նպատակով Հերակլը 1764 թ. մարտին էմինի մտերիմներից մեկի՝ մահտեսի Գրիգորի միջոցով նամակ է ուղարկում Հովնանին և հորդորում շարունակել ապստամբության նախապատրաստական աշխատանքները: Սակայն մահտեսի Գրիգորը Երևանում ձերբակալվում է: Երևանի Հուսեյն խանի ձեռքն են ընկնում Հերակլի և էմինի ՝Հովնանին հասցեագրած նամակները, որը դրանք հանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցուն։Կաթողիկոսը, որ վաղուց հետևում էր էմինի գործունեությանը, դատապարտում է նրա տեսակետներն ու գործելակերպը և միջոցներ փնտրում նրան հեռացնելու Անդրկովկասից: Անշուշտ, Սիմեոն Երևանցին ևս երազում էր Հայաստանի ազատագրության մասին, սակայն գտնում էր, որ դա հնարավոր է միայն արտաքին ուժի, տվյալ դեպքում Ռուսաստանի օգնությամբ: Ուստի հայ ժոդովուրդը պետք է համբերությամբ սպասեր իր ազատագրմանը, Պարսկաստանի և Թուրքիայի դեմ չդիմեր ինքնուրույն ելույթների, քանի որ անպատասխանատու, արկածախնդրական քայլերը կարող էին կործանել ժողովրդին: Հայոց կաթողիկոսը հանդիմանական նամակ է հղում Հերակլին և նրան առաջարկում է խզել ամեն մի կապ Հովնանի հետ, իսկ էմինին վտարել Վրաստանից:

Հերակլ II-ը չէր կարող հաշվի չառնել Ամենայն Հայոց կաթողիկոսի բացասական կարծիքը էմինի մասին: Նա չէր ցանկանում ստվերել հայոց հեղինակավոր հովվապետի բարեհաճ վերաբերմունքն իր նկատմամբ ու խախտել բարեկամական հարաբերությունները նրա հետ: Հերակլը հասկանամ էր, որ վրացական պետությունն այնքան հզոր չէր, որ կարողանար ինքնուրույն դուրս գալ Օսմանյան կայսրության դեմ։ էմինի հավաստիացումները 40 հազարանոց հայկական ապստամբական բանակի մասին թվում էին խիստ կասկածելի: Մյուս կողմից` Պարսկաստանը նույնպես չէր կարող թույլ տալ ի հաշիվ Երևանի խանության վրացական պետության սահմանների ընդլայնում: Ուստի գտնելով, որ էմինի հետագա ներկայությունը Վրաստանում կարող է խիստ վատթարացնել հարաբերությունները Պարսկաստանի և Թուրքիայի հետ՝ Հերակլը 1764 թ. հուլիսին նրան արտաքսում է Վրաստանից Ռուսաստան, ուր գտնվում էին «նրա բարեկամները»: Այս դեպքերից հետո արևմտահայության ազատագրական շարժումներն աստիճանաբար դադարեցին:

Գործադրված հալածանքներն ու բռնությունները չվհատեցրին էմինին: Նա չէր ցանկանում վերադառնալ Ռուսաստան, մանավանդ՝ Անգլիա, չէր ցանկանում կիսատ թողնել այն հսկայական աշխատանքը, որ ձեռնարկել էր Հայաստանի ազատագրության համար:

Երկու տարի՝ 1764-1766 թթ., էմինը բնակվում էր Հյուսիսային Կովկասում, նախ՝ չեչենների, ապա՝ լեզգիների մոտ: Չեչենների ցեղապետների խնդրանքով որոշ ժամանակ վարժեցնում է նրանց բանակը: 1766 թ. կեսերին լեզգիական մի զորաջոկատի հետ գալիս է Գանձակ: էմինի բուն նպատակն էր տեղափոխվել Արցախ: Նա երկար ժամանակ նամակագրական կապ ուներ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի հետ և քաջատեղյակ էր Խամսայի ողբալի դրությանը: Ղարաբաղի Փանահ և Իրրահիմ խաների ջանքերով Խամսայի մելիքությունների միասնությունը քայքայվել էր: Վարանդայի մելիք Շահնագար II-ը, որ եղբայրասպան րնդհարումների սկղբնապատճառ էր, դարձել էր խանի կամակատարը: Գյուլիստանի մելիք Հովսեփն ու Ջրաբերդի մելիք Հաթամը Իբրահիմի կողմից վտարվել էին իրենց տիրույթներից և ապաստան գտել Գանձակի խանության սահմաններում: Խամսայի այս անպատիվ կացությունը ստիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցուն ծանր խոսքերով հանդիմանել մելիքներին՝ ասելով. «Այսպիսի անձնապաստանությամբ միմյանց վրա հարձակվելով Հայոց թագավորությունը վերացրեցիք, հայոց աշխարհն ավերեցիք և այլազգիների գերությանը հանձնեցիք, ու մի քանի մելիք, որ մնացել եք, ծարավ եք միմյանց արյան»: Բայց մելիքները շարունակում էին իրենց խոտոր ընթացքը, ձգտելով մի կերպ համակերպվել մահմեդական տիրակալների պարտադրած ստորացուցիչ պայմաններին:

էմինը հույս ուներ վերականգնել Խամսայի միասնությունը, հաշտեցնել մելիքներին և նրանց բարձրացնել զինված ապստամբության: Ամբողջ 1767 թ. ընթացքում էմինը բնակվում էր Գյուլիստանում՝ մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մի շարք հանդիպումներ է ունենում Արցախի նշանավոր գործիչների, մասնավորապես Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանի հետ և նրանց համոզում է ներգրավվել իր ազատագրական ձեռնարկումների մեջ: Հանդիպումներ է ունենում նաև Իբրահիմ խանի հետ՝ փորձելով շոշափել նրա մտադրությունները։ Հանդիպումներից հետո նա համոզվում է, որ այդ պահին ինքն ի վիճակի չէ մելիքներին հաշտեցնելու և միաբանելու: Դրա համար անհրաժեշտ էին ժամանակ, նաև՝ միջոցներ: Իսկ ժամանակ չկար:

Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որ ուշի-ուշով հետևում էր էմինի գործունեությանը, Գանձասարի կաթողիկոսին և մելիքներին հորդորում է հրաժարվել նրա ծառայություններից և հեռացնել Արցախից: 1767 թ. հոկտեմբերին մելիք Հովսեփը ճարահատյալ խնդրում է նրան թողնել Գյուլիստանը: էմինը ստիպված էր հեռանալ Արցախից և 1768 թ. գարնանը Պարսկաստանի վրայով մեկնել Հնդկաստան:

Թեև էմինի տասնամյա համառ, հետևողական, անխոնջ գործունեությունը չպսակվեց գործնական որևէ արդյունքով, սակայն նոր աստիճանի բարձրացրեց հայ ազատագրական շարժման գաղափարը: Ինքը՝ էմինը, չընկճվեց կրկնվող անհաջողություններից, չհրաժարվեց իր հավատամքից և շարունակեց պայքարը: Արդեն Հնդկաստանից։

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՄԻԼ ՆԱԴՈՒ ՆԱՀԱՆԳԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄԱԴՐԱՍ

Մադրաս քաղաքում նա 1773 թ. մտնում է Շ. Շահամիրյանի ազատագրական խմբակի մեջ և անմնացորդ նվիրումով մասնակցում նրա գործունեությանը, իր լավատեսությամբ ոգևորում շատերին: Մադրասի հայ մեծահարուստները որոշում են նրա տրամադրության տակ դնել տարեկան 12 հազար ռուփի՝ հայկական զորախումբ ստեղծելու համար: Հայտնի վաճառական Գրիգոր Խոջաջանյանը պատրաստակամություն է հայտնում հայկական բանակի կազմակերպմանը նվիրաբերել իր հսկա կարողության մեծ մասը: Շ.Շահամիրյանը և ուրիշները նույնպես որոշում են նյութական օժանդակություն ցույց տալ: Հնդկահայ վաճառականների ու գործարարների այս առատ նվիրատվությունները էմինին ստիպում են մշակել Հայաստան վերադառնալու, այնտեղ զորախմբեր ստեղծելու և ազատագրական պայքարը շարունակելու նոր ծրագրեր: Բայց երբ գումարի մի մասն արդեն հավաքված էր, Մադրասում գտնվող Երուսաղեմի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը խափանում է այս գործը և վաճառականներին պարտադրում հետ վերցնել ներդրված դրամական միջոցները: Անկասկած, նվիրակը գործում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ ու գիտությամբ:

1783 թվականից էմինը մշտապես բնակվում է Կալկաթայում, որտեղ և մահանում է 1809 թվականին: Կյանքի վերջին տարիներին նա անգլերենով շարադրել է «Հովսեփ էմինի կյանքն ու արկածները» ինքնակենսագրական գիրքը (Լոնդոն, 1792), որը XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժումների պատմության արժեքավոր սկզբնաղբյուրներից է: Սույն գիրքը մեծ հայրենասերի վերջին փորձն էր ՝ հայության մեջ սեր ներարկել «մարդկության բարիքների միակ աղբյուրի»՝ ազատության նկատմամբ:

Հովսեփ էմինի հայացքները խոր ազդեցություն են գործել հայ ազատագրական շարժման հետագա շրջանի գործիչների վրա և կարևոր նշանակություն են ունեցել շարժման գաղափարախոսության հստակեցման տեսակետից:

 

ՎԵՐՋԱԲԱՆ։ԻՍՐԵԼ ՕՐՈՒ ԵՒ ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Իսրել Օրու և Հովսեփ Էմինի կատարած գործունեության նշանակությունը բավական մեծ էր ։Նրանց խանգարեցին հասնել իրենց նպատակին,բայց նրանց կատարած  գործունեությունը ճանապարհ էր և մեծ օգնություն հայերին հետագա աշխատանքների համար։Նրանց գործունությունը որպես ապստամբություն արդյունք չունեցավ,սակայն մեծ ավանդ ունեցավ ժողովրդի ինքնագիտակցության և միասնական ուժերի համախմբման գործում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s