Ժողովրդական խաղիկներ

Ժողովրդական խաղիկները քառատող, լիրիկական երգեր են՝ հորինված հոգեկան տարբեր վիճակների անմիջական ազդեցության տակ: Յուրաքանչյուր խաղիկ արտահայտում է մի ամբողջական միտք, տրամադրություն, հանգավոր է և գեղարվեստորեն ավարտուն: Խաղիկների թեմաները բազմաթիվ են՝ սիրային, աշխատանքային, կենցաղային, օրորոցային և այլն:

Փոխանցվել են սերնդից սերունդ բերանացի կամ էլ երգերի միջոցով: Խաղիկները գյուղական բանաստեղծություններ են մինչև 1914 թվականը:

Ձեր տան տակին վար կանեմ,

Չար ագռավին քար կանեմ.

Թող իմ սիրածն ինձի տան,

Գժությունս թարգ կանեմ:

Սիրել եմ սերն երեսին,

Անթառամ թերն երեսին.

Ով իմ սիրածն ինձ չտա,

Աստծու կրակն երեսին:

Սարերի հովին մեռնեմ,

Շեկ յարիս բոյին մեռնեմ,

Երեք օր ա չեմ տեսել,

Տեսնողի աչքին մեռնեմ:

Ամպել ա, ձուն չի գալիս,

Մթնել ա, տուն չի գալիս.

Էս անտեր բարձի վրա,

Առանց յար քուն չի գալիս:

Ա′յ տղա, տավարած տղա,

Ա′խ զոռով ճարած տղա,

Օթախ սրբեմ, շոր քցեմ,

Նստի′ր բեզարած տղա:

Արազը հեշտացել ա,

Ճամփեքը կոշտացել ա,

Խաբար տարեք իմ յարին

Առնողս շատացել ա:

Կանաչ արտը հաց տարա,

Յարիս տեսա ետ դառա.

Խնձոր տվավ ես չառա,

Էս ի՞նչ բեբախտ յար դառա:

Ջուրը ջրին առել ա,

Մատս ղալամ տարել ա.

Էն թուխ բեղավոր տղեն

Ուշն ու միտս տարել ա:

Կարբի ընկել ա հովը,

Յարս ընկել ա ծովը.

Աստված սիրեք, ջահելնե′ր,

Ինձ քցեք յարիս քովը:

Կայնել ես աղբերակին,

Շող կտաս արեգակին,

Քո շող երեսին մեռնեմ,

Ունքերիդ աղեղնակին:

Կայնել ես վարդի հովին,

Քամին տա կրծքիդ մովին,

Երեսիդ շողին մեռնեմ,

Աչքերիդ կապույտ ծովին:

Աղբյուրը՝ Գր. Գրիգորյան, Հայ բանահյուսություն, Երևան, 1974թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s