Ուսուցման գործընթացը փոխներգործություն է, որի արդյունավետությունը պայմանավորված է մանկավարժական հաղորդակցման ոճով, երեխաների և մանկավարժների փոխհարաբերությունների որակով: Մանկավարժները երեխաների համար պետք է նախապատրաստեն միջավայր, որտեղ նրանք սովորեն ակտիվ հետազոտության միջոցով` փոխգործելով մեծահասակների, երեխաների և նյութերի հետ: Նյութերի և մարդկանց հետ փոխգործողության արդյունքը սովորելն է:
Մանկավարժական սկզբունքները և մանկավարժի աշխատանքի ոճը պայմանավորված են հասարակության կողմից ներկայացվող պահանջներից, կրթական համակարգի ռազմավարությունից և գերակա խնդիրներից: Ներկայումս` հասարակության զարգացման ժողովրդավարական սկզբունքների հաստատման ճանապարհին, անհրաժեշտություն է դարձել ուսուցման նոր մեթոդների ներդրումը: Այն դարձել է ժամանակի պահանջ: Ետ են մղվել մանկավարժական ինքնիշխան /ավտորիտար/ և հարմարվողական /լիբերալ/ ոճերը, որոնց համապատասխանում էին ուսուցման կարգապահական և հրահանգային մեթոդները:
Բնականաբար, կառուցվող ժողովրդավարական հասարակությունը պիտի նախընտրեր ժողովրդավարական մանկավարժական սկզբունքները և վերանայեր ուսուցման կազմակերպման եղանակը:
Ուսումնական գործընթացի ժողովրդավարացմանը համապատասխանում է ուսուցման երեխայակենտրոն մոդելը: Նշված մոդելի նպատակն է ուսուցման ընթացքում յուրաքանչյուր երեխայի անկրկնելիության և անհատականության բացահայտումը և նրա անձի զարգացման խթանումը:
Երեխայի ակտիվ մասնակցությունը ուսումնառության գործընթացին ապահովելու համար կիրառվում են ուսուցման փոխգործուն մեթոդներ, որոնց միջոցով
- երեխաների հետ երկխոսություն և համագործակցություն է հաստատվում,
- ստեղծվում է փոխըմբռնման մթնոլորտ, որի արդյունքում ուսուցումը կառուցվում է ոչ թե ցուցադրումների և բացատրությունների, այլ ուսումնական գործունեության մեջ բոլոր երեխաների անմիջական ներգրավման միջոցով,
- աշխատանքային պլանը կառուցվում է երեխայի նախասիրությունների և հետաքրքրությունների հիման վրա,
- խրախուսվում է երեխաների ինքնուրույն փորձարարական գործունեությունը,
- ուսուցման ընթացքում շեշտը դրվում է երեխայի ինքնակառավարման կարողության զարգացման վրա (նախկինում ուսուցումը կառավարվում էր մանկավարժի կողմից),
• ուսուցումը կազմակերպվում է համագործակցային մթնոլորտում, ուր և՛ երեխան, և՛ դաստիարակը նույն հարթության վրա են և հանդես են գալիս գործունեության սուբյեկտների դերում: Դաստիարակը խորհրդատու է, ուղղորդող, օգնական և ավագ ընկեր: