Ինչպե՞ս են երեխաները սովորում

Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրություններն ապացուցում են, որ ուսուցումը խաղային մեթոդներով կազմակերպելու դեպքում երեխան ավելի հեշտ է սովորում և լավ է հասկանում:

Յուրաքանչյուր երեխա անկրկնելի է զարգացման իր անհատական տեմպով, սովորելու իր ուրույն ոճով և ընտանեկան մշակույթով: Երեխաների անհատական առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ինչպես ուսումնական պլաններ կազմելիս, այնպես էլ նրանց հետ հաղորդակցվելիս: Ուսումնառությունը պետք է համապատասխանի երեխայի զարգացման հնարավորություններին և միաժամանակ խթանի նրա հետաքրքրասիրությունն ու մտածողությունը:

Երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով և մարդկանց հետ շփվելով: Նա սովորում է գործողության միջոցով: Երեխաները ֆիզիկական աշխարհի և սոցիալական հարաբերությունների մասին գիտելիքներ են ձեռք բերում առարկաների և մարդկանց հետ խաղային փոխգործությունների միջոցով:

Թվում է, թե սովորեցնել բառը ենթադրում է պատմել կամ ինֆորմացիա հաղորդել: Սակայն 5-6 տարեկան երեխաներին սովորեցնելու ճիշտ ձևը բոլորովին էլ դասախոսելը կամ բանավոր հրահանգներ տալը չէ: Դաստիարակը պետք է ավելի շուտ օգնողի և ուղղորդողի դեր ստանձնի: Օրվա աշխատանքները պլանավորելիս դաստիարակները շեշտը պետք է դնեն խթանող, խրախուսող պարապմունքների և նյութերի վրա: Նրանք պետք է ուշադիր հետևեն երեխաներին, որպեսզի պարզեն, թե ինչն է նրանց հասկանալի, և ինչը` ոչ: Հիմնվելով իրենց դիտարկումների վրա, դաստիարակները պետք է առաջարկեն երեխաների մտածողությունը խթանող հավելյալ առաջադրանքներ:

Երեխաներին կարելի է նույն բանը այնքան կրկնել տալ, մինչև նրանք անսխալ արտասանեն ինֆորմացիայի որոշ հատվածները, ասենք` բանաստեղծությունը, այբուբենը կամ մեկից քսան թվերը: Սակայն երեխաների նման պատասխանները չեն նշանակում, թե նրանք ինֆորմացիան հասկացել ու յուրացրել են:

Մեխանիկական կրկնությունների միջոցով գիտելիքներ ձեռք բերելիս, երեխաները չեն կարողանում հետագայում դրանք կիրառել և չեն դրսևորում մտածողության բարձր մակարդակի այնպիսի հմտություններ, ինչպիսիք են վերլուծելը, համեմատելը և պրոբլեմներ լուծելը:

Երեխայի զարգացման կարևորագույն նախապայմանը զարգացման բոլոր ոլորտների` ֆիզիկական, սոցիալական, հուզական և իմացական, փոխկապվածությունն է: Մի ոլորտում առաջընթացն ազդում է մյուս ոլորտների առաջընթացի վրա և իր հերթին ենթարկվում դրանց ազդեցությանը: Կարևորագույն նախապայմանը խախտվում է, երբ ուսումնական հաստատությունը շեշտը դնում է իմացական զարգացման վրա` նվազեցնելով երեխայի զարգացման մյուս ոլորտների նշանակությունը:

Որպեսզի երեխաները յուրացնեն որոշակի ինֆորմացիա, անհրաժեշտ է, որ այն կապված լինի երեխայի կյանքի ու միջավայրի հետ և համապատասխանի նրա զարգացման մակարդակին: Երբ ուսումնասիրվող նյութը կապված է լինում երեխայի իրական կյանքի հետ, դա ոչ միայն նպաստում է նյութի և հասկացությունների ամբողջական ընկալմանը, այլ նաև խթանում է երեխայի հետաքրքրասիրությունը:

Երբ երեխաները զգում են, որ սովորածն առնչվում է իրենց կյանքի հետ, ավելի հետևողականորեն են կատարում առաջադրանքը և պատրաստ են լինում սովորելու ավելին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s