ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ | ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Картинки по запросу Վիլյամ Սարոյան | Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ «ՀԱՅ ՄՈՒԿԸ»

Related image

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:
Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:

Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:
Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ պայժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրեհնց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետելու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տեւելու համար:
Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:
Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:
Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:
Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:
Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:
Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:
Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:
Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:
Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:
Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:
Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:
Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:
Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:
Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:
Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:
Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:
Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:
Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:
Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:
Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:
Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:
Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:
Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:
Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:
Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:
Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:
Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:
Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:
Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:
Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:
Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:
Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:
Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:
Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:
Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:
Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:
Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:
Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:
Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:
Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:
Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:
Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:
Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:
Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:
Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:
Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:
Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:
Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:
Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:
Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Թումանյանի բալլադները

Շունն ու կատուն

Անբախտ վաճառականներ

Արև և Լուսին

Ախթամար

Օրորոցագող

Երկինք ու Երկիր

Անիծած Հարսը

«Պողոս-Պետրոս»

Արծիվն ու կաղնին

Որբը

Փարվանա

Լուսավորչի կանթեղը

Հոգեհան

Գառնիկ ախպեր

Չարի վերջը

Հսկան

Էսպես չի մնա

Արտույտի երգը

Մուկիկի մահը

Մի կաթիլ մեղրը

Աղավնու վանքը

Աղջկա սիրտը

Մոծակն ու մրջյունը

Թագավորն ու չարչին

Ռեգինա Ղազարյան, հուշեր Չարենցի մասին

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան

Չարենցի հետ ծանոթացել եմ 1930  թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա  դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:
Մեկ առ մեկ բոլորին շտապ հայացքով աչքի անցկացնելուց հետո նա հարցրեց, թե ո՞վ է այս սպորտսմեն փոքրիկը` զննելով ինձ ոտքից գլուխ: Չգիտեմ` ինչով արժանացա նրա համակրանքին. արդյոք հեծանվավազքի համար հատուկ պատվիրած գոլֆ համազգե՞ստս կամ սպորտային կեցվա՞ծքս դուր եկավ նրան, բայց նա հանդիսավոր վեր բարձրացրեց ձեռքը և առանձնահատուկ շեշտով գոչեց. « Էֆֆերի~մ»:
Այդ ժամանակ Գուրգեն Մահարին  բռնելով ձեռքս առաջ տարավ և ներկայացրեց ինձ` նուրբ խոսքերով շոյելով մանուկ ինքնասիրությունս: Միայն ՉԱՐԵՆՑ բառը լսելուց հետո զգացի, թե ինչ մեծ բախտ է վիճակվել ինձ ԱՆՁՆԱՊԵՍ ծանոթ լինելու այն մարդուն, որի մասին արդեն շատ անգամ էի լսել թե′ դպրոցում և թե′ հարազատներիս միջավայրում:


Բախտի բերմամբ ես գրավեցի Չարենցի ուշադրությունը, և նա մեծ հետաքրքրությամբ սկսեց հարց ու փորձ անել զբաղմունքիս բնույթի, ծնողներիս, մտադրություններիս, նույնիսկ հեծանվիս մասին:
Նրան անչափ հետաքրքրեց, որ ծնողներս եղել են գիտական մտավորականության այն ներկայացուցիչներից, որոնք արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել են հայրենիք և իրենց գիտելիքները ի սպաս դրել հայ ժողովրդին:
Չարենցի պահանջով հաջորդ օրը իր տուն տարա ծնողներիս լուսանկարը. երկար նայելուց հետո ասաց, որ այն կմնա իր մոտ և դրեց իր գրասեղանի արկղը: Այդ օրն էլ տոհմածառի շուրջ վարած զրույցի ժամանակ ուշադիր լսելով տատիս` Շամիրամ Խորասանյանի հետ կապված դրվագը, Չարենցը պոռթկուն ուրախություն ապրեց` ռուսական արքունիքում հայկական տարազի տարած հաղթանակի համար, բանն այն էր, որ ազգային համազգեստով ողջ Եվրոպան շրջած Շամիրամ տատս, անհրաժեշտության մղումով, ցարական բանակում ծառայող սեփական որդու (իմ մորեղբոր)  հետագա բախտի տնօրինման հետ կապված որոշ կնճռոտ հարցեր պարզելու համար, ստիպված է լինում անհապաղ, սոսկ թարգմանիչների ուղեկցությամբ մեկնել Պետերբուրգ  և  որոշ ջանքեր թափելուց հետո արժանանալ  Նիկոլայ Երկրորդի մոր` կայսրուհի  Մարիա Ֆեոդորովնայի ընդունելությանը:  Թագավորական պալատում ընդունելության ժամանակ, երբ հերթը հասնում է տատիս, կայսրուհին ուշադիր դիտելով նրա յուրահատուկ զգեստը և հարցման եղանակով ճշգրտելով հագուստի ազգային ծագումը, ընդհուպ մոտենում և շոշափում է այն:
Տատս անմիջապես խնդրում է թարգմանիչներին` հաղորդել կայսրուհուն, որ նա կստանա իր հավանած տարազը` որպես նվեր:
Իրեն ուղեկցողների փութաջանությամբ իմանալով թագուհու չափսը և իր`  այդ այցի դրական արդյունքից գերերջանիկ վերադառնալով Երևան, նա հատուկ սուրհանդակով, որպես նվեր, կայսրուհուն է ուղարկում իր խոստացած հայկական մեծատոհմիկ շքեղաշուք համազգեստը` ճակատակալի վրա ամրացրած երկու խոշոր ադամանդյա քորոց:
Շարունակելով սրահում նախորդ օրվա հանդիպման ժամանակ սկսած զրույցը, կասեմ միայն, որ Չարենցը այդ օրվա խոսակցության ողջ ընթացքում այնքան էլ չխրախուսելով Ռեգինա ` իմ ոչ այնքան խրոխտ անունը, իր մեծ ու խորունկ աչքերով ինձ մի շտապ շեղ հայացքով նայելուց հետո բոլորի մոտ հայտարարեց, որ ինքը այսուհետ ինձ Ռոլան է կոչելու, և որ ես իր փոքր ու մտերիմ բարեկամը լինեմ;
Այդպես էլ եղավ: Նրա` այդ կտրուկ կողմնորոշումը լիովին իրականություն դարձավ և որոշ ընդմիջումով շարունակվեց ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը:
Սրահի մեր այդ խոսակցությունից անմիջապես հետո Չարենցը մեծ աշխուժով բոլորին, այդ թվում ինձ, հրավիրեց իր սենյակը` սուրճ խմելու (նա ապրում էր հյուրանոցի երկրորդ հարկում):
Անսահման էր նրա բնակարանում լինելու իմ ուրախությունը: Այսօրվա պես հիշում եմ. պատից կախված ճապոնական մեծաճաշակ ոսկեզօծ պաննոյի կողքին, պատվանդանների և պահարանների վրա դրված էին եգիպտական և հնդկական արձաններ ու  արձանիկներ. պատերին կախված կային մի շարք նկարներ, որոնցից տպավորվել են Դանթեի կիսադեմ նկարը և իր հանգուցյալ սիրելի կնոջ` Արփենիկի դիմանկարը:
Հիշողությանս մեջ առանձնապես մնացել է Լենինի փոքրիկ գունավոր դիմանկարը, որը առանձին խնամքով կախված էր գրասեղանի մոտ` անմիջապես իր կողքին:
Նրան շրջապատող իրերը, որոնց մեծ մասը գրքեր էին` տեղավորված պատերի երկայնքով ու բարձրությամբ, պերճախոս վկաներն էին նրա անզուգական ու նրբագեղ ճաշակի:
Ես ուղղակի շլացած էի այդ ամենով, ինչ առաջին անգամ էի տեսնում այդտեղ:
Հապա ի~նքը` Չարե~նցը…
Երբեք չեմ մոռանա իմ կյանքի այդ նշանավոր օրը, երբ նա, հյուրանոցի ճաշարանի մատուցողին սուրճ և մրգեր պատվիրելուց հետո, արևելյան ճաշակով տնային մի երկար ու լայն վերնազգեստ գցեց վրան (նախապես հանելով վերնաշապիկը), ծալապատիկ նստեց իր սիրած փափուկ թախտին ու թազբեհը խաղացնելով ձեռքերում ` սկսեց մեծ ոգևորությամբ զրուցել:
Աստվա~ծ իմ, այդպիսի ձեռքեր…
Ձեռքերի ափերը նուրբ վարդագույն էին ու ձեռքի երեսից եզրագծված կարծես քանոնով:
Մատները երկար էին ու ծայրերին ունեին թեթև բարձիկներ: Ձեռքերը նուրբ էին, բայց առնական, մի հազվադեպ գեղեցկություն. յուրաքանչյուր հռչակավոր դաշնակահար, կարծում եմ, կերազեր ունենալ Չարենցի ձեռքերը:
Հուշագրական ժամանակագրության որոշակի խախտումով ասեմ, որ Չարենցը հետագայում ինձ  երբեմն հարցրել է, թե արդյոք տգե՞ղ է ինքը: Կար միայն մեկ պատասխան, որ ինքը գեղեցիկ է. և դա ասում էի խորը համոզումով: Եվ, իրոք, չնայած փոքր հասակին, Չարենցը ուներ շատ համաչափ կազմվածք և իր ներքինն ամփոփող արտահայտիչ ու ազնվաշուք կեցվածք: Հապա աչքե~րը… խոսելիս լիներ, թե պարզապես նայելիս, նա կարողանում էր դիմացինին գերել, ենթարկել իրեն:
Դժբախտաբար, ես ամենևին չեմ հիշում, թե ինչի մասին էր այդ առաջին օրվա զրույցը, այն աստիճան թովված էի նրանով, այդ նյութական, շոշափելի մոտիկությունից և թարմ, առաջին անգամ ինձ ներկայացող տպավորություններից: Որոշակի հիշում եմ միայն, որ ժխորի հասնող աշխուժություն էր սենյակում, իսկ ամենից աղմկոտը` ինքը տան տերը:
Այդ օրվանից Չարենցը դարձավ իմ կուռքը, իմ անկաշառ պաշտամունքը, և, մոռանալով ամեն ինչ ու ամենքին, օր չէր անցնում, որ չայցելեի, նրա ուղեկիցը չլինեի տարբեր հրավերների և զբոսաշրջումների ժամանակ:
Ինչպես ասացի,  ես այդ ամառ պատրաստվում էի մասնակցել հեծանվային մրցույթների և հաճախ էի մարզվում, բայց չունենալով սեփական հեծանիվ, վերցնում էի ապառիկ:
Չարենցը խրախուսում էր սպորտն առահասարակ, իսկ իմ ընտրսծ սպորտի այդ ձևը` մասնավորապես: Մի օր, մարզումներից հետո եկա Չարենցի մոտ` հաղորդելու իմ հաջողությունները, նա մեծ հանդիսավորությամբ նստեց թախտին և ասաց, որ մոտենամ սենյակի  անկյունում կախված վարագույրին  և բարձրացնեմ այն տեսնելու, թե ինչ է սպասվում ինձ: Չհասկանալով  այդ հանդիսավորության պատճառը, մի քիչ էլ վախով, մոտեցա  և, երբ բացեցի վարագույրը, աչքերիս չհավատացի. Պատին հենված էր գերմանական «Դուքս» մակնիշի մի չքնաղ վազքահեծանիվ` կարմիր ու դեղին ձողիկներով:  Ապշահար`  նայեցի Չարենցի կողմը և տեսա այնպիսի մի գոհունակ ժպիտ, որից ուղղակի պապանձվեցի: Որտեղի՞ց էր կարողացել կամ ու՞մ էր հանձնարարել նա կարճ ժամանակամիջոցում ձեռք բերելու այդ հրաշքը: Իրոք որ հրաշք` այն  ժամանակվա Երևանում: Ինչ խոսք, ես անչափ երջանիկ էի այդ անակնկալ ու շքեղ նվերի համար, որը ծառայեց  ինձ այնուհետև իմ մոսկովյան ուսումնառության բոլոր տարիներին:
Իսկ այստեղ, հարազատ Երևանում …ես մեծ հպարտությամբ վարում էի հեծանիվը հիմնականում Աբովյան փողոցում և հաճախ, երբ, ձեռքերս վարպետորեն վերցրած ղեկից` մոտենում էի Աբովյան և այժմյան Թումանյան փողոցների խաչմերուկին, որի անկյունում  մի հին, երկհարկանի տան երկրորդ հարկում ապրում էր Արուս Ոսկանյանը և հաճախ կռթնած լուսամուտին` նայում փողոցի անցուդարձին,- լսում էի նրա սրտաբուխ «Բրավոն», որից և ոգևորված նորից էի բարձրանում Աբովյանով, նորից իջնում, որ դարձյալ արժանանամ բաղձալի խրախուսանքին: Ապա շտապում էի Չարենցի մոտ հաղորդելու, որ Արուս Ոսկանյանից  ստացել եմ խրախուսական «Բրավո»:
Չարենցը ժպտում էր և ասում. «Արուսը բարձրաճաշակ կին է և սիրում է Պիկանտ բաներ»:
Երանելի ու անմոռաց է ինձ համար այդ ամառը:
Նույն այդ ամռանը Չարենցը հաճախ էր լինում «Տուրիստ» սրճարանում, որը տեղավորված էր Ազիզբեկովի (այժմ Ա. Սախարովի անունը կրող) հրապարակի վրա գտնվող շենքի բակում. ծաղկանոցներով շրջապատված սեղաններն իրենց զովասուն դիրքով խիստ տրամադրող էին:
Չարենցի սեղանը (այդպես էլ կոչվում էրՙՙ «Չարենցի սեղան», և այն երբեք չէր զբաղեցվում) գտնվում էր բակի խորքում` ծածկի տակ: Եվ շատ հաճախ, երբ Չարենցը երեկոյան պահերին ձեռնափայտը ձեռքին մտնում էր բակ և ուղղվում դեպի իր սեղանը, անմիջապես, կարծես մագնիսական ուժով, հայտնվում և դեպի այդ կողմն էին շարժվում ժամանակի նշանավոր մարդիկ` գրողներ, նկարիչներ, դերասաններ. և, երբ տեղ չէր լինում սեղանի շուրջը, կողքի սեղաններն էին միացվում. ու ծայր էր առնում մի հոտաքրքիր ու աշխույժ զրույց գրականության, արվեստի ու բոլորին հետաքրքրող բազում այլ հարցերի շուրջ:
Այդպիսին էր Չարենցը: Նրա հետ ամեն վայրկյանը իմաստավորվում ու լցվում էր անասելի հրապույրով: Նա հեշտությամբ շրջապատի մարդկանց կարողանում էր վարակել իր կենսասիրությամբ, անծայր եռանդով ու խինդով:

…Բայց անսահման էր նաև նրա անսփոփ թախիծը, և նա ահավոր էր այդ պահերին: Տարօրինակ էր. այդ մեծ մարդն իր անխառն լավատեսությամբ անասելի վախենում էր մահից. սոսկ այդ բառը երբեմն կերպարանափոխում էր նրան, իսկ երբ հուզվում էր, կարող էր երեխայի պես հեկեկալ, և մեծ ջանքեր էին պահանջվում նրան հանգստացնելու համար: Սրտամոտ նյութի մասին խոսելիս`հայ ժողովրդի դառն անցյալն ու թանկագին կորուստները, սիրելի կնոջ`Արփենիկի մահը և այլն, նա երբեմն հոգեցունց ապրումներ էր   ունենում`հասնելով անգամ հիստերիկ լացի, ապա հետզհետե հանգստանալով, համակվում էր խոր թախիծով:
Այդ պահերին, անշարժ նստած, մտասույզ, աչքը մի կետի հառած`հաճախ ինձ ստիպում էր որևէ բան կարդալ կամ պատմել, միևնույն էրՙՙ  ինչ, միայն թե կենսական որևէ ձայնով խախտվեր նրա բորբոք երևակայությամբ վերակենդանացած մղձավանջը: Հաճախ անկարող, բացահայտ խոստովանում էի, որ դժվարանում եմ նրան հետաքրքրող որևէ բան հիշել, բայց նա զայրանում էր և ստիպում, որ անպայման խոսեմ, պատմեմ` թեկուզ որևէ անհեթեթություն: Եվ երբ հնազանդվելով սկսում էի որևէ բան`շուտով զգում էի, որ իմ պատմելու ընթացքում նա վաղուց արդեն ինձ չի լսում և կլանված է իր մտքերով: Ավելի հավասարակշիռ պահերին նա սիրում էր թախտի վրա ծալապատիկ նստած խորհել`թազբեհը ձեռքին, իսկ երբեմն էլ հենց այդ նույն տեղում ստեղծագործել, մանավանդ եթե փոքր-ինչ տկար էր զգում իրեն: Գրելու պահերին նրա մոտ միշտ դրված էին լինում անբաժան ծխամորճը և որևէ ոգելից խմիչք, հիմնականում կոնյակ, որ նա օգտագործում էր փոքրիկ ումպերով`հաճախ կրկնելով, թե ինքը գիտե իր չափը:
Ցավոք, երբեմն աննկատ անցնում էր նա իր այդ չափը, և այդօրինակ պահերին նրա ոգու ծառս եղած խենթ անհանգստությունը ելք որոնելով ընդունում էր հաճախ կողմնակի աչքի համար անհասկանալի կամ դժվար հասկանալի ձևեր:
Մի օր նա ինձ իր հետ հյուր տարավ գուսան Սերոբի տուն: Ամառային շոգ օր էր, գնալու տեղը`բավականին հեռու, որի պատճառով և կառք պատվիրեց, հարմարավետ տեղավորվեց նրա մեջ և ամբողջ ճանապարհին անասելի ոգևորված տարբեր սրախոսություններ  էր ուղղում կառապանին, հաճախ էլ`որևէ ծանոթի հանդիպելիս`կանգնեցնում կառքը: Տեղ հասնելուն պես նա նույն կառապանին պատվիրեց երեկոյան գալ երկու կառքով ու զուռնաչիներով`իրեն ետ տանելու:
Գուսան Սերոբի տանը պատրաստված էր մեծ ու ճոխ հյուրասիրություն: Դեռ նոր էինք հասցրել կառքից իջնել, Չարենցը շտապ վազեց օջախի մոտ և հետաքրքրվեց, թե ինչ ճաշ է պատրաստել տանտիկինը: Իմանալով, որ իրեն իշխան ձուկ և թփով դոլմա է սպասում, հավանություն տվեց և երեխայի պես ցատկոտելով վազեց սենյակ, բարձրացավ սեղանի մոտ մոտ դրված թախտին և, ծալապատիկ նստելով, սկսեց աղմկել, որ շուտ անեն, այլապես ինքը անոթի կմեռնի:
Ես չէի ասի, որ նա իր այդ անհամբեր պահանջներից հետո գոնե չափավոր ուտեր. նրա գոռում-գոչյունը, անհամբերության բոլոր ցույցերը շատ ավելի էին, քան`կերած բաժինը: Լինելով քչակեր, այնուամենայնիվ ախորժակով ծաղկաքաղ էր անում տարբեր խորտիկներից`այստեղ ևս հանդես բերելով մեծ քմահաճություն և շեշտված ճաշակ: Սեղանի շուրջը, մեծ գովեստով արտահայտվելով հայկական ճաշերի մասին, Չարենցն ասաց, որ ինքը, թեև շատ  երկրներում է եղել, շատ է ճամփորդել ու ճաշակելիքը հարստացրել տարբեր համեմունքներով, բայց հայկական ճաշերի համն ու հոտը ոչ մի տեղ չի զգացել:
Նրա անասելի առավելություններից էր և այն, որ ամեն միջավայրում կարողանում էր ստեղծել բոլորի համար հետաքրքիր մթնոլորտ և վարում էր նրանց հասկանալի, նրանց կողմից ընկալվող զրույց:
Չարենցի մոտ էին գալիս աշխատավոր մարդկանց տարբեր խավերի ներկայացուցիչների հոծ խմբեր: Հակառակ իր մեծազբաղ առօրյային, նա երբեք չեր մերժում և սիրով ընդունում էր իրեն տեսնել ցանկացող, իր ընդունելությունը խնդրող բոլորին, այդ թվում և սկսնակ գրողների, և սիրող գուսանների, և գրականագիտական ու այլ սկզբունքային հարցերի մեջ պատասխաններ որոնող հետաքրքրասերների: Որքան էր ուրախանում, երբ շարքային երիտասարդ բանվորի մեջ հայտնաբերում էր պոետական շնորհքի թեկուզ մի նշույլ, և տալով նրան գործնական օգտակար խորհուրդներ, հաճախ նաև նյութական օգնություն`նշանակում էր հանդիպման օր ու խրախուսելով ճանապարհում:
Զարմանալի էր այդ մեծ մարդը. բնությունը այդ ինչ առեղծվածային սիրտ էր դրել նրա նուրբ ու նեղ կրծքավանդակում:
Նա անմնացորդ էր տրվում աշխատավոր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչին և ամենամեծ սիրով էլ համաձայնվում նրանց մոտ հյուր լինել `չվիրավորելով որևէ մեկին «մեծ» մարդու մերժումով:
Այդ օրվա հյուրասիրության ժամանակ Չարենցը հարկ եղածից ավել «տուրք տվեց» հայկական անարատ գինուն, և երբ երեկոյան իր պատվիրած կառքերը զուռնաչիների հետ մեկտեղ կանգնեցին դռան մոտ, նա գինովցած էր ըստ ամենայնի: Մինչև հյուրանոց հասնելը ամբողջ ճանապարհին ահալից ու խզված ձայնով գոռում-գոչում էր` համեմելով այդ ամենը «ընտիր» բառերով, որ մյուս կառքի մեջ նստած զուռնաչիները չդադարեցնեն նվագը`նրա սիրած ինչ-որ մեղեդի, որը քրտնաթոր ու շնչասպառ երաժիշտները նվագում էին Շիլաչի մահլից (ուր ապրում էր գուսան Սերոբը) մինչև «Ինտուրիստ» հյուրանոցը`մի շնչով, անընդմեջ:
Տեղ հասնելուն պես, չափից ավելի գինով, նա չմոռացավ, սակայն, կառապաններին ու զուռնաչիներին վճարել: Մեծ ճիգեր գործադրելով գրպանների տեղը գտնելու, վերջապես ինձ ասաց, որ ես հանեմ փողը իր գրպանից: Եվ երբ ես մի բուռ թղթադրամ հանելով (հիմնականում ռուբլիանոցներ) հարցրեցի`թե որքան վճարեմ` ավելի քան համոզված, որ 2 կամ 3 ռուբլին լիուլի բավարար կլինի և նույնիսկ կդիտվի որպես շռայլություն, — Չարենցն ասաց. «Ինչքան բռիդ մեջ կա, բոլորը տուր»: Ես նույնությամբ կատարեցի նրա ասածը: Եվ երբ Չարենցի հետ արդեն մտել էինք հյուրանոցի նախասրահը և բարձրանում էինք աստիճաններով երկրորդ հարկ, անսպասելիորեն ներքևից հնչեց ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցած մեղեդին`այս անգամ առավել ուժգին ու զիլ, որով և մեր ետևից ինքնակամ նախասրահ մտած երաժիշտները, հավանաբար, իրենց շնորհակալությունն էին հայտնում Չարենցին`նրա շռայլ վարձատրության համար:
Ի վերջո,  հասանք: Իր սենյակը մտնելուն պես Չարենցը ուժասպառ մեկնվեց դռան շեմին, գորգի վրա, և սկսեց իր արտառոց պահանջմունքները. այսպես օրինակ, նա պահանջում էր, որ ես մի երկաթի կտոր բերեմ (ի դեպ այդ երկաթե ռելսի կտորը գոյություն ուներ և ծառայում էր որպես պատշգամբի դռան հենարան) իր գանգը ջարդուփշուր անելու համար: Երկար դիմադրելուց հետո, երբ ես ստիպված էի հուսահատ զայրույթով քարշ տալով բերել պահանջված երկաթը, ինձ համար անհասկանալի արագությամբ նա սթափվեց և ժպտադեմ ասաց. «Լավ, Ռոլան ջան, ապրես, որ այդքան համարձակն ես»:
Գերլեցուն մտքի թափի կասեցում, անօրինակ ինքնատիրապետում, մարդու և մարդկայինի ներդաշնակ ամբողջության մարմնացում, — ահա այն գծերը, որ շողարձակում են ավելի քան 50 տարիների խորքից:
Սակայն միայն այդ չէ, որ մնացել է իմ հիշողության մեջ` իր ամբողջ որոշակիությամբ:
Անմոռանալի են այն րոպեները, երբ նա ազատ պահերին երբեմն զրուցում էր ինձ հետ: Այդ զրույցների թեմաները բազմապիսի էին: Նրանից եմ ես առաջին անգամ լսել հայ դասական ճարտարապետության հիասքանչ հուշարձանների, միջնադարի հայ մեծ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի, Պիծակի, ապա և Հովնաթանյանների տաղանդավոր սերնդի մասին: Առաջին անգամ Չարենցից եմ լսել Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի անունները, որոնց արվեստը նա շատ բարձր էր գնահատում:  Որքան էլ մատչելի թեմաներ մատուցելու լիներ ինձ,  որքան էլ տարբեր դրվագներ պատմեր իր ճանապարհորդություններից, որքան էլ միտքս զբաղեցներ Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների տարաշխարհիկությամբ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի քաղաքակրթությամբ ու արվեստով, այնուամենայնիվ` նրա զրույցների հիմնական առանցքը հայրենիքն էր, հայ ժողովուրդը, նրա տարաբախտ անցյալը և վերածնված ներկան:
Նա անկարող էր լինում թաքցնել իր հրճվանքը` երբ փորձում էր բացատրել մեր դարաշրջանի էությունը, ա~յն դարաշրջանը, որը ծնել էր իրեն:
Բայց հաճախ, կռահելով խոսակցի ընկալունակության մակարդակը, ընդհատելով զրույցը` հարցնում էր, թե արդյոք հասկացա՞ իրեն. հակառակ իմ դրական պատասխանին, նա շեղ հայացքով դարձյալ զննում էր ինձ և, թափահարելով գլուխը, ասում. «Ափսոս, դեռ փոքր ես` շատ բաներ զգալու և հասկանալու համար»: Ցավում եմ անասելի, որ ի վիճակի չէի ես այն ժամանակ ո՜չ լիովին ըմբռնելու և ո՜չ էլ գրի առնելու, նույնությամբ հավերժացնելու  նրա հորդառատ բյուրեղյա մտքերի գոհարները: Էքերմանի իսկ խոսքերով, ես բռով որսալ էի ուզում գարնանային կենարար անձրևը, բայց և որի մեծ մասը, ավա~ղ, հոսեց մատներիս արանքով, այսօրվա համար թողնելով, միայն փայլուն կաթիլներ….
Հիշողության այդ փայլուն կաթիլներից եմ համարում և այն, որ որպես նմանօրինակ զրույցի հետևանք, ոգեշնչված, ես մի ոտանավոր գրեցի և տվեցի Չարենցին` մտածելով, թե ինչպես եմ խրախուսվելու: Բայց որքան մեծ եղավ իմ հիասթափությունը, երբ նա, ոտանավորը բարեխիղճ ընթերցելուց հետո, ժպտաց և ասաց. «Թեպետ անտաղանդ է, բայց շատ անմիջական է ու ջերմ»: Այդպիսինն էր նա` շիտակ ու խստապահանջ, փոքրերի հետ շփվելիս լիներ թե մեծերի, միևնույն է:
Ներքին գոհունակությամբ պետք է ասեմ, սակայն, որ նրան մեծ հաճույք էին պատճառում իրեն նկարելու իմ երբեմնակի փորձերը և, նկարի մեջ տիպական գծեր հայտնաբերելիս, ուրախանում էր մանկան պես և հպարտորեն ցույց տալիս մտերիմներին:
Մի օր «Ինտուրիստ» ճաշարանում սեղանի մոտ նստած սպասում էի Չարենցին, երբ նկատեցի մի երկու սեղան այն կողմ` մի խումբ մարդկանց, որոնց թվում և դերասան Միքայել Մանվելյանին:  Վերջինս նստսծ էր դեպի ինձ` կիսադեմ: Իմ սեղանի կողքին, լուսամուտի մոտ, շարված էին մի շարք նոտակալներ (երեկոները այդտեղ երաժշտություն էր լինում). ձեռքիս տակ չունենալով թուղթ` ես որոշեցի այդ նոտակալներից մեկի հենց տախտակի վրա նկարել Մանվելյանին:  Նա ուներ թեպետ առաջին հայացքից խոժոռ, բայց և շատ համակրելի ու շեշտված տիպական դեմք: Մանվելյանը, երևի սպասելով մատուցողին, շատ համբերատար և անշարժ, ձեռնափայտի վրա խաչաձևած ձեռքերին կզակը հենած` լսում էր զրուցակիցներին: Հենց այդ էլ ինձ հնարավորություն տվեց առավել ճշգրիտ նկարել նրան. և երբ Չարենցը իջավ համարից  ու նստեց սեղանի մոտ, ես շրջեցի նոտակալը և ցույց տվեցի նրան իմ նկարածը: Հիշում եմ` ինչպես նրա հոնքերը բարձրացան, դեմքը պայծառացավ, և նա գոչեց. «Դու նկարի՜չ ես, Ռոլան, նկարի~չ». ապա  նկարը ցույց տալով Մանվելյանին և նրա սեղանակիցներին, կանչեց Թովմասին (ճաշարանի հնագույն մատուցողներից) և կարգադրեց այդ նոտակալը բարձրացնել իր սենյակը:
Դժվարանում եմ ասել, թե որքան էի շոյված ու երջանիկ:
Չարենցի մոտ հաճախ էին հավաքվում ժամանակի նշանավոր մարդիկ: Պարզ հիշում եմ Ավետիք Իսահակյանին, Շիրվանզադեին, Ակսել Բակունցին, Գուրգեն Մահարուն, հայ բեմի ականավոր դերասաններ Ա. Ոսկանյանին, Վ. Փափազյանին, Մ. Մանվելյանին, արվեստագետ Ռ. Թերլեմեզյանին, ճարտարապետ Մ. Մազմանյանին և էլի շատ ուրիշների: Համատեղ երեկոներից մեկում շատ խոսվեց Պ. Ադամյանի, Սիրանույշի, Զարիֆյանի, Աբելյանի, արտասահմանում կատարած իրենց ուղևորությունների և այլնի մասին: Հիշում եմ`Արուս Ոսկանյանը մեծ եռանդով պատմեց Փարիզում իր հետ պատահած մի ծիծաղաշարժ դեպք:
Չարենցը, լարված ուշադրությամբ լսելուց հետո, սկսեց այն աստիճան ուժեղ ծիծաղել, որ ծիծաղի գալարումների ժամանակ գլորվեց և վայր ընկավ թախտից, ապա փոքր-ինչ ուշքի գալով ` անընդհատ խնդրում էր. «Արուս ջան, մեկ էլ պատմիր». և նա ստիպում էր պատմել, կրկնել հատկապես այն տեղը, որը իրեն առանձնակի դուր էր եկել և, նորից լսելով` կրկին նույն ուժով քրքջում էր:
Այդ նույն ամռանը Չարենցը ինձ իր հետ Լենինական տարավ, ուր մնացինք երեք անմոռանալի օր (նույն գնացքում էր նաև Ավետիք Իսահակյանը, բայց նա Կիրովական էր գնում):
Թե սիրո ինչպիսի ցույցեր կազմակերպվեցին Լենինականում Չարենցի պատվին, պետք էր միայն աչքով տեսնել: Նրան շրջապատող գրասեր երիտասարդությունը հենց առաջին օրը խնջույք կազմակերպեց Չըռ-Չըռ կոչվող ջրվեժի մոտ: Չարենցի` Լենինականում գտնվելու լուրը կայծակի արագությամբ տարածվեց քաղաքով մեկ: Գետափնյա ամբողջ բացատը հեղեղվել էր մարդկանց հոծ խմբերով, որոնք բոլորն էլ բուռն ցանկություն ունեին մոտիկից տեսնելու, լսելու կամ որևէ խոսք փոխանակելու մեծ պոետի հետ: Չարենցը անչափ զգացված էր, կասեի նույնիսկ փոքր-ինչ հուզված, ինչը վարպետորեն աշխատում էր աննկատ դարձնել շրջապատից:
…. Ինձ համար դեռ ճանապարհի զրույցից էր պարզվել, թե որքան շատ էր նա սիրում Գյումրին, սիրում գիտակցորեն , սիրում որպես ժամանակին նշանավոր շատ մարդիկ տված հայ հոգևոր մշակույթի հինավուրց ու շենշող օջախ:
Այդ նույն տարում Երևանում տեղի ունեցավ Ստեփան Շահումյանի արձանի հանդիսավոր բացումը: Չարենցը միտինգին մասնակցում էր կառավարական կազմի հետ, իսկ ես նրա տված տոմսով իրավունք ստացա մոտենալու ընդհուպ արձանի պատվանդանին: Հիշում եմ, թե ինչպիսի հպարտությամբ էի այնտեղից նայում իմ հասակակիցներին:
Արձանի բացումից հետո Չարենցը, ոգևորված օրվա անցուդարձով, անասելի երջանիկ էր զգում իրեն, ինչպես միշտ բոլոր այն նախաձեռնություններից հետո, որոնք նպաստում էին քաղաքի գեթ փոքր-ինչ կերպափոխմանը: Տոնածառի շուրջը պտտվող երեխայի անզուսպ անմիջականությամբ և հրճվանքով նա տարվել էր հուշարձանով և անընդհատ փոփոխելով դիրքը` տարբեր կետերից խրախուսանքով ու հավանությամբ դիտում էր այն:
Ի պատիվ հանդիսության, Չարենցն այդ օրը կազմակերպեց մեծ ճաշկերույթ. այդ օրերին նա պատվիրեց նաև Մերկուրովի ստեղծագործության մանրակերտը, որը այնուհետև միշտ պահում էր գրասեղանի վրա:
Բուռն ոգևորության պահերը, սակայն, այդ ամառ մերթ ընդ մերթ շղարշվում էին լուռ թախիծով: Անգամ ինձ- նա չէր զլանում խոստովանել իր մեծ ցանկությունը` ամուսնանալու, հատկապես երեխաներ ունենալու համար: Երբեմն կատակով հարց էր ուղղում ինձ, թե ինչպիսի կին հարմար կլիներ իրեն. և,  հարցը երկար քննարկելուց հետո, գալիս էր այն համոզման, որ առողջ և գեղեցիկ երեխաներ ունենալու համար անհրաժեշտ է ընտրել հենց այդպիսի կին:
Այդ նույն ամռանը Համո Բեկնազարյանի հրավերով Երևան ժամանեցին մի շարք դերասան-դերասանուհիներ` Հայկինոյում նկարահանվելու: Դրանց մեջ էր նաև 18-ամյա մի լեհուհի` Էռա անունով, որը տեղավորվել էր նույն «Ինտուրիստ» հյուրանոցում: Չարենցի առաջին իսկ ծանոթությունը Էռայի հետ եղավ ջերմ  ու տպավորիչ, և նա որոշեց ամուսնանալ` նախապես ստանալով էռայի համաձայնությունը: Հարսանյաց սեղանի մտովի ձևավորումը և հյուրերի կազմի ընտրությունը կատարեցինք միասին (որքան հիշում եմ, հրավիրված պետք է լինեին մոտ քսան հոգի):
Նշված ժամին բոլորը ներկայացան տոնական տրամադրությամբ ու նվերներով և տեղ գրավեցին «Ինտուրիստ» ռեստորանի մատուցողների ջանքերով շքեղորեն պատրաստված սեղանի շուրջը:
Ուշացող հարսնացուին սպասելով` Չարենցը շարունակում էր անհանգստանալ և ստիպված եղավ պարտադրել ինձ` գնալ և գտնել նրան: Բանն այն էր, որ օտարազգի հարսնացուն ինչ-ինչ պատճառներով նույն օրը` ցերեկը, աղերսագին խնդրել էր ինձ իրեն ուղեկցել մինչև կայարան և ընդմիշտ մեկնել էր Երևանից, իսկ ես ահաբեկված այդ արտառոց դեպքից` չէի համարձակվել Չարենցին հաղորդել լուրը:
Անցան րոպեներ ու դարձյալ րոպեներ…. Եվ ես ստիպված էի Չարենցին  հայտնել եղելությունը:
Չարենցը մի պահ քարացավ. նրա զվարթ  դեմքը կարծես սրվեց ու գունատվեց:  Բայց դա տևեց մի քանի վայրկյան միայն: Այնուհետև նա շտկվեց, վեհաշուք տեսք ընդունեց և կենսահաստատ ձայնով ու ժպտադեմ հայտարարեց, որ հարսանիքը փոխվում է քեֆի:
Նմանօրինակ ցնցող կերպարանափոխություն և զարմանալի ինքնատիրապետում հատուկ է երևի միայն ՄԵԾԵՐԻՆ:
Խնջույքը այնուհետև ընթացավ խիստ բնական, անկաշկանդ: Ներկաներից և ոչ մեկը հեռավոր ակնարկով անգամ զգալ չտվեց պահի տարօրինակությունը:
Մեկ տարի անց ես մեկնեցի Մոսկվա` ուսումս շարունակելու: Այդ ժամանակ էր, որ իրագործվել էր Չարենցի ցանկությունը. նկարիչ  Արարատ Ղարիբյանի տանը ծանոթանալով Իզաբելլա անունով աղջկա հետ` նա շուտով ամուսնանում է և նամակով հայտնում ինձ, իր իսկ խոսքերով` մեծաչյա և սևաչյա, առողջ ու գեղեցիկ աղջկա հետ ամուսնանալու լուրը:
1936 թվականի մայիսին Մոսկվայից վերադարձա Երևան և հենց առաջին օրը մտադիր էի այցելել Չարենցին, երբ երիտասարդ գրող Գարեգին Բեսը  եկավ մեր տուն և ասաց, թե Չարենցը  շտապ կանչում է ինձ (բայց ինչպե՞ս էր իմացել գալուս օրը… անկեղծ ասած առ այսօր դժվարանում եմ հասկանալ):
Այդ ժամանակ Չարենցն ապրում էր իր նոր ստացած բնակարանում ( այժմյան Մաշտոցի պողոտայի վրա), ուր և ծանոթացա կնոջ` Իզաբելլայի հետ և տեսա նրանց հրաշալի դուստրերին: Ավագ դուստրը` Արփենիկը (Բոժիկը), չորս տարեկան էր, իսկ կրտսերը` Անահիտը (Ադոկը)` մոտ երկու տարեկան:
Չարենցը բավականաչափ փոխված էր, ընկճված ու վատառողջ: Նա մի տեսակ մեծացել էր, կարծես կքել էր հոգսերի տակ. երբեմնի աշխույժ, պայծառ դեմքին ու աչքերին թախիծ էր իջել, և ժպիտն էլ դարձել երկչոտ ու խեղճ:
Ինձ հետ ունեցած երկար հարցուփորձի ժամանակ (իմ գործերից, Մոսկվայից) նա շատ ցրված էր ու մտահոգ, դեմքը պայծառանում էր միայն, երբ հայացքն ուղղում էր քնած երեխաների կողմը:
Այդ նույն` 1936 թվականի ամռանը Չարենցը Իզաբելլային երեխաների հետ ուղարկեց Ծաղկաձոր, իսկ ինքը մնաց քաղաքում: Օրերով տնից դուրս չէր գալիս և նստած գրասեղանի մոտ` անընդհատ գրում էր ու գրում:
Այդ օրերին էր. Չարենցի մոտ գնալիս այդ անգամ մենակ չէի, ինձ հետ էր նաև բարեկամուհիս` իր աղջնակի հետ: Մեզ տեսնելով` Չարենցը, հակառակ իր վատառողջ վիճակին, շատ ուրախացավ, առանց վայրկյան կորցնելու վեր կացավ տեղից և ասելով, թե անմիջապես կվերադառնա, հենց տնային հագուստով դուրս եկավ: Պատշգամբ դուրս գալով տեսա, որ Չարենցը փողոցն արդեն անցել և ուղղվել էր դեպի դիմացի կրպակը: Քիչ անց նա վերադարձավ մի մեծ ձմերուկ ձեռքին և խիստ գոհ, որ մեզ և իր փոքրիկ հյուրին կարող է հյուրասիրել (այդ իմ փոքր բարեկամուհին` Մեսալինա Խալեյանը այժմ աշխատում է Չեխովի անվան դպրոցում որպես ուսմասվար): Այդ օրը Չարենցը նվիրեց մի թանաքաման և գրիչ մասունքներ, որոնք առ այսօր պահվում են Մեսալինայի մոտ:
Երբեմնի ամենօրյա աշխույժ այցելություններից ոչինչ չէր մնացել. նրա մոտ այլևս համարյա ոչ ոք չէր լինում. նա մենակ էր, լքված և կարիքի մեջ: Ես նրա մոտ մեկ անգամ միայն հանդիպել եմ Աղասի Խանջյանին, բժիշկ Գաբրիել Հարությունյանին և էլի 1-2 հոգու:
Աղասի Խանջյանի` Թբիլիսի մեկնելու օրը Չարենցը ինձ տվեց մի գրություն  և և խնդրեց անպայման կայարան գնալ և հանձնել Խանջյանին:
Հիշում եմ, շոգ երեկո էր. երբ հասա կայարան, արդեն մթնշաղ էր: Կառավարական գնացքը կանգնած էր երկրորդ գծի վրա. հենց այդտեղ` կառամատույցում տեսա Խանջյանին. սպիտակ վերնաշապիկը հագին նա ճեմում էր մի քանի հոգու հետ` սպասելով գնացքի մեկնելուն: Սկսեցի զգույշ մոտենալ առաջին անցուղով և մտածում էի, թե ինչպես կատարեմ Չարենցի հանձնարարությունը, երբ Խանջյանը տեսնելով և երևի զգալով, որ իրեն եմ ուզում մոտենալ, ինքն անցավ գծերի վրայով և մոտենալով ինձ` հարցրեց. «Ինչպե՞ս է Չարենցը». ես անմիջապես նրան հանձնեցի գրությունը, որը առանց կարդալու նա դրեց գրպանը և ասաց, որ բարևեմ Չարենցին: Ես հեռացա` աչքերիս մեջ տանելով Խանջյանի մտահոգ դեմքն ու թախծոտ աչքերը:
Հիմա ինձ ներել չեմ կարողանում, որ Չարենցի ձեռքով ծալված անծրար թուղթը չմտածեցի անգամ բաց անել, հանգամանք, որն այսօր թերևս հնարավորություն  կտար պարզելու որևէ հանգույց այդ գերլարված օրերի եղելություններից. արդյո՞ք այդ գրությունը կապ ուներ այն փաստաթղթի հետ, որը Չարենցն ինձ ցույց էր տվել մի երկու օր առաջ` Խանջյանի ստորագրությամբ, որով նրան պետք է Փարիզ ուղարկեին բուժվելու…
Ոչինչ, ոչինչ պարզ չէ ինձ համար այսօր, պարզ է միայն այն, որ Չարենցն այդ շրջանում շատ էր ընկճված, և իմ ջանքերը` նրան պաշարող ահավոր մտքերը որևէ կերպ ցրելու, անցնում էին ապարդյուն: Ես այն ժամանակ քիչումիչ դաշնամուր էի նվագում: Իր աշխատասենյակից Չարենցը հաճախ ստիպում էր ինձ գնալ հյուրասենյակ, որտեղ դրված էր դաշնամուրը, և նվագել որևէ բան: Իմ նվագացանկը շատ սահմանափակ էր, և ես նույն երգերը կամ վալսերը կրկնում էի տասնյակ անգամ. և երբ մատներս թմրում էին, ու ես դադարում էի նվագել, Չարենցը գոռում էր իր սենյակից, որ շարունակեմ. երբեմն էլ, երբ արդեն ի վիճակի չլինելով` դադարեցնում էի նվագը և զգում էի, որ լռություն է տիրել, կամաց մոտենում էի նրա աշխատասենյակի դռանը ու տեսնում, որ նա գրասեղանի մոտ, գլուխը հենած ձեռքերին, լուռ հեկեկում է:
Աղասի Խանջյանի մահվան բոթը ցնցեց Չարենցին: Շատ եմ ցավում, որ այդ լուրը հաղորդողը ես եղա` փողոցում ակամա ականատես լինելով մահվան մի լուռ ու տարօրինակ թափորի: Իմանալով ով է հանգուցյալը, քայլերս անմիջապես ուղղեցի Չարենցի տուն, ասելով, թե Թբիլիսիից բերվել է «ինքնասպան» եղած Խանջյանի դին:
Մինչև հիմա չեմ կարող մոռանալ աչքերիս առաջ կատարված ցնցող տեսարանը: Չարենցը թավալգլոր եղավ հատակին ու սկսեց հեկեկալ. մի բան նա ասաց միայն. « Սուտ է, նա չէր կարող ինքնասպան լինել»:
Անցան օրեր… Իզաբելլան երեխաների հետ վերադարձավ ամառանոցից:
…1937 թվականին Չարենցը ձերբակալվեց:
Իզաբելլայի հետ ես էլ էի երբեմն բանտ գնում` Չարենցին ուտելիք և դեղորայք հասցնելու: Չարենցի լյարդը և լեղապարկը լուրջ հիվանդ էին, և նա դեռ տանը բժիշկների թույլտվությամբ սրսկվում էր ցավերի դեմ: Մի օր Իզաբելլան, երբ ուտելիք էր տարել բանտ և ետ ստացել Չարենցի  շորերը` տանը լվանալու, սպիտակեղենը ջրի մեջ իջեցնելու պահին Չարենցի շապիկի մեջքին (ներսի կողմից)  քիմիական մատիտի բծեր է նկատում և որոշ բառեր: Անմիջապես հանում է շապիկը, դնում սեղանին և հևիհև ինձ մոտ հասնում հայտնելու, որ գրված բառերը չի կարողանում ջոկել միմյանցից և որ միայն իմ անունն է կարողացել կարդալ:
Նախապես ետ ուղարկելով Իզաբելլային, առանց վայրկյան կորցնելու Չարենցի տուն հասա: Միասին ուղղեցինք թաց շապիկը, վերցրինք Չարենցի գրասեղանից խոշորացույցը և կարդացինք հետևյալը. «Իզաբելլա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս և այդ հարցով դիմիր միայն ու միայն Ռեգինային և վստահիր նրան»:
Մենք աննկարագրելի արագությամբ հազիվ միայն շապիկից թղթի վրա արտագրեցինք սրտակեղեք այդ տողերը և, անգիր անելով գրածը, ոչնչացրինք անգամ այդ թուղթը… որից հետո Իզաբելլան շտապ դատարկեց միջին չափի մի ճամպրուկ և, բացելով Չարենցի գրասեղանի դռները, կարծես տենդի մեջ, հապճեպորեն ու խառնիխուռն խցկելով տարբեր դարակներից աջ ու ձախ ձեռքն ընկած ձեռագրերը` մոտ քսան թղթապանակ, տեղավորեց այնտեղ: Վերջին երեք հաստափոր թղթապանակները չտեղավորվեցին ճամպրուկում: Ի՞նչ անել. խառնաշփոթ որոնումների մեջ, աշխատասենյակում չտեսնելով ոչինչ պատշաճ, մենք անցանք խոհանոց. այնտեղ իմ ուշադրությունը գրավեց  անկյունում դրված հասարակ ֆաներայից պատրաստված գորշագույն նեղ պահարանը, որտեղ Իզաբելլան ամանեղեն էր շարում: Մխիթարականն այն էր, որ պահարանը կրկնահատակ էր. հենց այդ կրկնակի հատակի արանքում էլ տեղավորեցինք մյուս երեք թղթապանակները, պահարանը թողնելով կանգուն` նույն տեղում: Ես մտածում էի, որ հետագայում, հարմար առիթով, այն հեշտ դուրս կբերվի Չարենցի բնակարանից, որպես ծայրահեղ անպաճույճ իր: Դրանից հետո գերհուզված վերադառնալով աշխատասենյակ` Իզաբելլան ձեռքս տվեց լեցուն ճամպրուկը և հեկեկալով ուղեկցեց ինձ:
Ինձ վրա դրված էր աներևակայելի պատասխանատվությունանհրաժեշտ էր ամեն գնով փրկել ձեռագրերը: Սրտի դողով, բայց հաստատակամ ես այն հասցրի տուն և հենց նույն գիշերը իմ հարազատներից մեկի տան ներքնահարկում  (նախկին Ադամյան փողոց 7.այժմ Կ. Մարքսի նրբանցք) փոս փորեցի և, չունենալով ձեռքի տակ ավելի հուսալի հարմարանք` հապճեպորեն զմռսեցի միջին չափի մի տակառ, թղթապանակները փաթաթեցի մոմլաթի տարբեր կտորների մեջ և դասավորելով տակառում` հանձնեցի հողին:
Ահա մի պատառիկ այդ մասունքներից.
«ՉԿԱ ԱՎԵԼԻ ԱՄԵՀԻ ՊԱՏԻԺ, ՔԱՆ ԱՅՆ, ԵՐԲ ՄԱՐԴՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՂԻ ՄԻ ԳԱՂԱՓԱՐԻ ԴԵՄ, ՈՐԸ ՀԵՆՑ ՆՐԱ ՄԻԱԿ ՍՐԲԱԶԱՆ ԵՎ ՄԻԱԿ –ՆՐԱ ԿՅԱՆՔԻ ՄԻԱԿ ԳՈՐԾՆ ՈՒ ԻՄԱՍՏԸ ԿԱԶՄՈՂ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ԳՈՐԾՆ Է: ԵՎ ՉԿԱ ՈՉ ՄԻ ՄԻՋՈՑ ԱՅԴ «ՀԱՍԱՐԱԿ» ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ.
ՔԱՆԶԻ ՉԿԱ ՏԱՆՋԱՆՔ ԱՎԵԼԻ ՄԵԾ,- ԵՎ ՊԱՏԻԺ ԱՎԵԼԻ ՍԵՎ, -ՔԱՆ ԴԱՏԵԼ ՄԱՐԴՈՒՆ`  ՆՐԱ ՍՐԲԱԶԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ,  ՆՐԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՄԻԱԿ ԳՈՐԾԻՆ ԴԱՎԱՃԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ.
ԵՎ ՉԿԱ ՈՉ ՄԻ ՄԻՋՈՑ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ, ՀԱՄՈԶԵԼՈՒ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ՉԷ-ՈՐ ՀԵՆՑ ԱՅԴՆՈՒՅՆ ՄԵՂՔԻ ՕԲՅԵԿՏՆ Է ԻՄ ՄԻԱԿ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ.
ԱՅԴ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԹԵ ՀԱՆԿԱՐԾ ԼԵՆԻՆԻՆ 1917 ԹՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀԵՆՑ ՆՐԱ ԱՄԵՆԱՄՈՏԻԿ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԸ  ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ – ԱՄԵՆԱԱՆԿԱՍԿԱԾԵԼԻՆԵՐԸ – ՀԱՆԿԱՐԾ ՄԵՂԱԴՐԵԻՆ, ԹԵ ՆԱ ԿԱՄԵՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ – ՍՈՒԲԵԿՏԻՎՈՐԵՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ (ԵՎ ՈՉ ԹԵ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆԹԱԴՐԵԼԻ ՀՆԱՐՔՈՎ)- ՁԳՏՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԻԿՈԼԱՅ ՌՈՄԱՆՈՎԻ ԴԻՆԱՍՏՅԱՆ… ՈՐ ՆԱ ԾՊՏՅԱԼ ՄՈՆԱՐԽԻՍՏ Է…
…ԵՎ ԴԱՏԵԻՆ ՆՐԱՆ, ԵՎ ՈՐՈՇԵԻՆ, ԵՎ ՀԱՅՏՆԵԻՆ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ — ԵՎ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԻՆ ԻԲՐԵՎ ՄՈՆԱՐԽԻՍՏԻ …ՀԱՆՈՒՆ ԼԵՆԻՆԻԶՄԻ, ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԵՎ ԲՈԼՇԵՎԻԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿՒ…

Եղիշե Չարենց 1937.1. 3
(Ձեռագիրը առայսօր գտնվում է ինձ մոտ- Ռ. Ղ.)
Որոշ ժամանակ անց, 1937 թվականի աշնանը, ձերբակալվեց նաև Իզաբելլան: Նույն այդ օրը հրավիրված էի բարեկամներիս մոտ ճաշի: Դեռ սեղան չնստած, պատուհանների մոտ մի մեքենա կանգնեց, և այնտեղից դուրս եկան մի քանի հոգի. մոտենալով բնակարանին նրանք հարցրին, թե ով է Ռեգինա Ղազարյանը: Հենց այդտեղ էր, որ անջատվելով խմբից ինձ մոտեցավ ներքին գործոց ժողկոմատի գնդապետ Պավել Աբուլյանը և ցույց տվեց մի գրություն`Չարենցի և Իզաբելլայի ստորագրությամբ այն մասին, որ երեխաների բախտի առաջիկա տնօրինման հարցը ինձ է հանձնարարվում: Ապա ներքին գործոց նախարարությունում, Պ. Աբուլյանի առանձնասենյակում, նրա իսկ թելադրանքով, ես գրեցի փաստաթուղթ, որով պարտավորվում էի պահել և սոցիալիստական ոգով դաստիարակել երեխաներին, մինչև հանգամանքների պարզաբանումը:
Նույն մեքենայով նրանք ինձ տարան Չարենցի բնակարանը`երեխաներին վերցնելու (ճշգրտության համար նշեմ, որ Չարենցից հետո Իզաբելլային տեղափոխել էին նույն փողոցի «Ինտերնացիոնալ» կոչվող շենքի մեկ սենյականոց բնակարանը: Իզաբելլայի ձերբակալումից հետո կնիքով փակված նախկին բնակարանում խուզարկություն կատարելու պատճառով երեխաները ետ էին բերվել հին հասցեով): Անձրև էր մաղում. երեխաները որևէ հսկողությունից ազատ իջել էին փողոց և խաղում էին հենց տրամվայի գծերի վրա (այն ժամանակ այսօրվա Մաշտոցի պողոտայով, որը կոչվում էր Սունդուկյանի փողոց, տրամվայ էր անցնում): Մեքենան կանգնեց դռան մոտ. թողնելով ինձ երեխաների հետ, Պ. Աբուլյանն ասաց, որ իրեն սպասեմ վերևում և գնաց, շուտով վերադառնալու պայմանով. ես մոտեցա երեխաներին և գրկելով փոքրին ու մեծի ձեռքը բռնելով`բարձրացա Չարենցի բնակարանը: Այնտեղ, ինչպես ասացի, խուզարկություն էր կատարվում:
…Ճիշտ է, անցել է ավելի քան 50 տարի, բայց դժվար է մոռանալ աչքերիս առջև բացված տեսարանը. նախկինում սրբավայր ներկայացնող բնակարանը վեր էր ածվել ավերակույտի. երիտասարդ խուզարկուների կողմից պահարանների և գրասեղանի տարբեր դարակներից անտարբեր սառնասրտությամբ դուրս էին հանվում և աջուձախ նետվում, երբեմն նաև մի կողմ դրվում մեծ պոետի սիրած ու փայփայած, նրան հոգեհարազատ, մեծարժեք ու նվիրական տարբեր իրեր, գրքեր, դարձյալ գրքեր, անգամ հուշանվերներ:
Անտրամաբան մոլուցքով քանդվող բոլոր ներքնակներից ու բարձերից դուրս նետված ու օդում լողացող բրդերն ու փետուրները պատկերը դարձրել էին անսովոր ու ահազդու:
Ես քարացել էի դռան շեմին կանգնած. արցունքները խեղդում էին ինձ… Եվ երբ Պ. Աբուլյանը վերադարձավ ու առաջարկեց ինձ վերցնել իրերից ինչ ցանկանում եմ, ես ասացի, որ բացի երեխաների շորերից ու անկողնուց, ինձ ոչինչ պետք չէ: Մեկ-երկու փալաս, երեխաների խիստ սահմանափակ հագուստներ և նրանց վերմակները. ահա այն ամենը, ինչը ես վերցրի:
Պավել Աբուլյանի զարմացական հայացքի տակ, տան բազում շքեղ իրերը թողած, ես խնդրեցի միայն խոհանոցի հնագորշ նեղ պահարանը ու շուտով այնտեղ տեղավորելով երեխաներին պատկանող իրերը`բեռնակրի օգնությամբ այն դուրս բերեցի սենյակից և, երեխաներին առժամանակ թողնելով հարևանների մոտ, շտապեցի պահարանը հասցնել տուն:
Կատարվածը հրաշքի էր նման. ոչնչացման ամենակուլ երախից դուրս էր թռել և կենդանություն ձեռք բերել բանաստեղծի իրերի խուզարկության ժամանակ – ամենափնտրելին: Հետին թվով, չեմ կարող ես այսօր բարի խոսքով չհիշել Պ. Աբուլյանին, որը հիշողությանս մեջ վեր է հառնում որպես ժամանակի անօրեն պարտականությունները ճարահատյալ ու ցավով կատարող պաշտոնյա:
Չարենցի թողած ծով ժառանգությունից, այսպիսով, որը Իզաբելլան այդպես էլ հնարավորություն չունեցավ ամբողջովին հանձնել ինձ, ի բացառյալ վերը նշված թղթապանակները, փրկված էին նաև վերջին երեքը:
Պահարանը տուն հասցնելուց հետո ես անմիջապես վերադարձա և տարա երեխաներին.
Մեսալինա Խալեյանը հիշում է. «1937 թվին, երբ ես ինը տարեկան էի, Ռեգինա Ղազարյանը (որը այդ թվականներին ապրում էր մեզ մոտ, մեր տանը) մի օր, արդեն աշնան կողմը, տուն եկավ շատ հուզված և, հետը բերելով Չարենցի երեխաներին, ասաց, որ  նրանք մեզ մոտ պետք է ապրեն:
Չարենցի դուստրերը`Արփենիկը և Անահիտը փոքր էին, և ինձ շատ ուրախացրեց, որ ես ձեռք բերեցի այդպիսի հիանալի քույրիկներ:
Մեր պայմանները սուղ էին, և Ռեգինայի ապրումները տեսնելով, մայրս դիմելով նրան, ժպտադեմ ասաց (շատ լավ եմ հիշում այդ խոսքերը)- ոչինչ, մի կերպ կապրենք. մեկ բաժին կերակուրը կբաժանենք երեք տեղ. և սիրով ընդունեց երեխաներին:
Կարող եմ հավելել, որ որոշ վաստակ տուն բերելու համար արվում էր ամեն ինչ (գիշերներն անքուն լոզունգներ գրել, ղեկավարների դիմանկարները մեծացնել և այլն) այդ սուղ պայմանները թեթևացնելու համար, որպեսզի երեխաները նոր տարվա օրը ունենան գաղտնի դրված տոնածառ, զարդարված թեկուզ և մեր կողմից պատրաստված թղթե խաղալիքներով: Այդ օրերին էր, որ Ավետիք Իսահակյանը (ինչպես ինձ հաղորդեցին) ցանկություն էր հայտնել այցելել ինձ`Չարենցի երեխաներին տեսնելու: Ես անչափ ուրախ էի. նշված օրը վարպետը եկավ և որոշ հարցուփորձից հետո ցանկացավ նայել Չարենցի որոշ ձեռագրեր: Վերջին երեք թղթապանակները դեռ ինձ մոտ էին, և ես չէի հասցրել դրանք միացնելու թաղված մյուս ձեռագրերին: Վարպետը մեկառմեկ ձեռագրերը նայելուց հետո առանձնապես կանգ առավ մանր ու խիտ գրված չորս մեծ էջերի վրա, նկատելիորեն հուզվեց և դողացող ձեռքերով երեխաներին նստեցնելով ծնկներին`սկսեց լուռ արտասվել: Արտասվում էի նաև ես: Մոտ երկու ժամ մնալուց հետո վարպետը երեխաների համար մի ծրարի մեջ 150 ռուբլի հանձնեց ինձ`և գնաց: Այդ այցելությունը միակն էր ամբողջ հայ մտավորականության այն ժամանակվա ներկայացուցիչների կողմից:
Երեխաները մնացին ինձ մոտ շուրջ մեկ տարի: Բայց ուսումս շարունակելու անհրաժեշտությամբ ես պետք է Մոսկվա մեկնեի: Այդ առիթով դիմեցի Իզաբելլայի հարազատ մորը`Աննա Կոդաբաշյանին և խնդրեցի վերցնել երեխաներին: Լինելով բարի ու սրտացավ մայր, այսուհանդերձ նա որոշ տատանումներից հետո միայն համաձայնվեց. բարդ ժամանակներ էին, շատ բարդ: Վախենում էին բոլորը, բոլորը…
Դրանից հետո ես մեկնեցի Մոսկվա:

Անցան 17 ձիգ տարիներ:
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ես բանակում էի և երազում էի անփորձանք վերադառնալ Երևան, աղերսում էի Աստծուն, պատահականությանը թե բնության հզոր արդարադատությանը, որ պահպանվի իմ կյանքը, որ ինձ ոչինչ չպատահի հանուն այն բանի, որ ձեռագրերը նորից լույս աշխարհ գան և ծառայեն իրենց նպատակին: Այլ կերպ  նրանք առ այսօր վաղուց արդեն փոշիացած` մնացած կլինեին հողի տակ:
Ես վերադարձա, բայց դեռ չէի համարձակվում մոտենալ այն վայրին, որտեղ պահված էին այդ ձեռագրերը: Եվ միայն 1954 թվականին, երբ Ա. Միկոյանը Երևան եկավ ընտրողների հետ հանդիպելու և օպերային թատրոնի շենքում իր արտասանած ճառում երկար տարիների լռությունից հետո առաջին անգամ արտասանեց ՉԱՐԵՆՑ անունը և ժողովրդի սրտաբուխ ցնծության ու խանդավառ ծափահարությունների  ուղեկցությամբ նշեց նրա ժառանգության նշանակությունը և այն, որ Չարենցը պետք է հրատարակվի – ես կիսախելագար վիճակում հենց նույն գիշերը  հասա պահված ձեռագրերի սրբավայրը և հանեցի զմռսած տակառը թաքստոցից:
Թող ինձ ներվի, որ ինձանից անկախ պատճառներով, սրտի մեծ ցավով խոստովանեմ պիտի, որ երկար տարիների խոնավությունից այդ ձեռագրերի մոտ 15 տոկոսը քայքայվել էր, փոշիացել, մոտ 10 տոկոսն էլ կիսաքայքայվել: Այս օրերից գրեթե անհնար է ետադարձ պատկերացումով ճեղքել անցյալի մշուշի վարագույրը` վերակենդանացնելու որոշակի էջեր. հանճարեղ պոետն անգամ մարմնավորել է այդ ` անձայն հեկեկանքով, «անօգ» և «շվարած»:
Այդուհանդերձ, հոգու մեծ ցանկությամբ, պոետի իսկ լավատեսությամբ վարակված` ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼԸ ՄԱՐԵԼՈՎ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ, ես փառք տվեցի պատահականությանը, մայր հողին, որ ձեռագրերի մեծ մասը թեպետ դալկացած, բայց լրիվ պահպանվել և մնացել էր ընթեռնելի: Մի զգալի մասն էլ այնպես թարմ էր, կարծես հենց նոր էր գրված: Այդ ձեռագրերի թվում էին բեյթեր, ռուբայաթներ, դիստիքոսներ և այլ գործեր, ինչպես նաև «Կոմիտաս» պոեմի մաքրագիր օրինակը 96 թերթ (142 ութնյակ), բացառությամբ վերջին մի քանի ութնյակների ` գրված 1936 թվականի մայիսին, Կոմիտասի աճյունը Փարիզից հայրենիք փոխադրելու և մայր հողում ամփոփելու օրերին:
Հետագա քայքայումից փրկելու նպատակով կիսաքայքայված և դժվար ընթեռնելի ձեռագրերի վերծանման, կարգավորման և արտագրման համար անհրաժեշտ է եղել կատարել տևական, մանրակրկիտ աշխատանք: Պոետական ճիչ արտահայտող անտիպ պատառիկների վերջին էջերի վերծանման գործում ինձ օգնության է հասել մեծ երախտավորը` Պարույր Սևակը: Մեր տանը երկար գիշերներ, զինված խոշորացույցերով, Սևակը մեծագույն սիրով և անհուն համբերությամբ կարողանում էր կռահել և տառ առ տառ վերականգնել ձեռագրի որոշ խաթարված մասեր` հասցնելով այն` ամբողջության:
… Խնդիրըսակայնայն համաժողովրդական սեփականությունդարձնելն էր.
այդ իսկ պատճառով, Չարենցի իրավունքների վերականգնումից հետո, դեռևս 1955 թվականին, անտիպ ձեռագրերի մի մասը, այդ թվում և «Կոմիտաս» պոեմի վերջնական մաքրագիր տարբերակը հանձնեցի Չարենցի ավագ դուստր Արփենիկին` որպես նվեր, պայմանով, որ դրանք հավասարապես պատկանում են երկու դուստրերին:
Ինձ մոտ մնացած  ձեռագրերի մի փոքր մասը` 2280 տող, որոնց դեռ չէի հասցրել ծանոթանալ, կարիք էր զգում լրացուցիչ վերծանման: Անհրաժեշտ էր պարզել, թե, ի վերջո ինչ է հանձնված եղել ինձ, և ինչ է այդքան երկար  տարիներ պահվել հողի տակ: Այդ մասի վերծանման աշխատանքները  ևս հասցնելով որոշակի աստիճանի` ես 1967 թվականին դիմեցի Հայաստանի  Գերագույն խորհրդի  նախագահության նախագահ Ն. Հարությունյանին` թույլ տալու ինձ Չարենցի 70-ամյա հոբելյանի օրը հայ ժողովրդին պաշտոնապես վերադարձնելու պոետի վերջին անտիպները (ինձ մի աներևույթ ձայն մշտապես հուշել է, Չարենցը այդպես կցանկանար): Այդ պաշտոնական հանձնումը, չգիտես ինչու, համարվեց ոչ նպատակահարմար, և ձեռագրերը դարձյալ մնացին ինձ մոտ մինչև 1969 թվականը:

1967 թվականին, Չարենցի 70-ամյակի առիթով հեռավոր Ուֆայից Մոսկվա է ժամանում Իզաբելլան և լինում Ա. Միկոյանի մոտ` ընդունելության, խնդրելով օգնել իրեն վերստին Երևան վերադառնալու: Հայաստանի կառավարության կողմից իրեն խոստացված բնակարանի հարցերը կարգավորելու նպատակով նա գալիս է Երևան և մոտ երեք ամիս ապրում ինձ մոտ: Պարզվում է, որ նա աքսորավայրում ամուսնացել էր մի բուժաշխատողի հետ, ունեցել հինգ զավակ ու ինչ-ինչ պատճառներով որոշել կյանքի այդ փուլը նորից ապրել Երևանում, որպես անցյալի հախուռն օրերի կենդանի հուշ: Ամենևին էլ տարօրինակ չէր տեսնել այդ ժամանակ Երևանի գրասեր երիտասարդության հոսքը մեր տան հասցեով;
Չարենցը կենդանացա~ծ…
Գալիս էին ու գալիս, նայում էին ու հրճվում, զրուցում էին ու ողջագուրվում, զարմանքով դիտում կյանքի թոհուբոհով անցած այդ կենդանի մասունքը:
Իսկ Իզաբելլա~ն… կարծես նա ջնջել էր իր կյանքի իրական քարտեզից վերջին` իր նեղ, հարկադրական անձնականի տարիները և ապրում էր բացառապես Չարենցով, նրա հետ կապված բազում ճշգրիտ մանրամասներով: Ոգի էր կարծես, որ հայտնվել էր լույս սփռելու կնճռոտ, վիճելի հարցերի վրա, ուղղելու, բացահայտելու Չարենցին բնութագրող նոր շտրիխներ, ողբերգորեն անդրադառնալու 1936-37 թթ. անցուդարձին և ուրիշ շատ ուշատ մանրամասների:
Իզաբելլայի հիշողության շնորհիվ երիտասարդությունը հաղորդակից էր դառնում Չարենց-մարդու և Չարենց-ստեղծագործողի կյանքին կապված այնպիսի մանրամասնությունների, որ միայն բանաստեղծի հետ ապրած անձնավորությունը կարող էր պատմել` կենցաղային վարք ու բարքից  մինչև մեծ պոետի անեզր ներաշխարհի բարդությունները ուրվագծող դեպքեր, դեմքեր  ու կապեր:
Այդ օրերին էր, երբ հնչեց մեր հեռախոսի զանգը, և Մարտիրոս Սարյանի կինը` տիկին Լուսիկը, նախապես տեղյակ, որ Իզաբելլան ինձ մոտ է, խնդրեց անպայման նրան տանել իրենց տուն` ասելով, որ վարպետ Սարյանը մեծ ցանկություն ունի տեսնելու նրան:
Նույն օրը երեկոյան, մենք եղանք Սարյանենց մոտ: Ինչ խոսք, շատ տարիներ էին անցել, բայց անչափ էին 30-ական թվականների հիշողությունները և վարպետը կլանված լսում էր Իզաբելլայի ոդիսականը:
Մոտ երեք ամիս ինձ մոտ ապրելուց հետո նա մեկնեց Ուֆա (իր կյանքի միջին հանգրվանը)  և ապա աշնանը նորից և այս անգամ արդեն ճակատագրի թելադրանքով ընդմիշտ ժամանեց Երևան: Առողջական վիճակի պատճառով հարկ եղավ նրան տեղավորել հատուկ բուժմիավորման հիվանդանոցում (այդ գործում այն ժամանակ մեծապես օգտակար եղավ Արտո Եղիազարյանը, որը հաճախ էր լինում մեզ մոտ):
Դրանից հետո Իզաբելլան ապրեց մոտ երեք ամիս և մահացավ հիվանդանոցում: Նրա թաղումը կատարվեց գրողների միության օգնությամբ:
Նոր բնակարանի համար իրեն հանձնված բանալին այդպես էլ անգործածելի մնաց: Նրանից մնացին միայն բազում գրառումներ  ու ձայնագրություններ` տանը և հիվանդանոցում կատարված հարցազրույցների, որոնց ժապավենների մի մասն էլ պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Չարենցի 70-ամյա հոբելյանի նախօրեին, «Գրական թերթի» խմբագիր, ճանաչված բանաստեղծ Համո Սահյանը երիտասարդ գրողներ Ռազմիկ Դավոյանի, Ռուբեն Հովսեփյանի և Ֆելիքս Մելոյանի հետ, եկան ինձ մոտ` ծանոթանալու Չարենցի անտիպներին և ընտրելու մի քանի գործ` թերթում տպագրելու համար:
Երիտասարդների կողմից հետագա երկու օր տևող փութաջան աշխատանքից հետո ընտրված` «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո», «Զվարթ գիտություն» և ուրիշ այլ գործեր տպագրվեցին «Գրական թերթի» 1967 թվի հունվարի 13-ի և մայիսի 13-ի համարներում, իրականացնելով սակայն, Համո Սահյանի կանխագուշակումն այն մասին, որ այդ համարձակության համար իրեն անպայմանորեն կազատեն զբաղեցրած պաշտոնից:
Այդպես էլ եղավ. բայց ի՞նչ փույթ. կատարված էր առաջին քայլը:
Եվ «Գրական թերթում» լույս տեսած անտիպները ճանապարհ բացեցին Չարենցի թողած մեծ ժառանգության մնացած մասի համար:
Չմոռանամ նշել նաև, որ մինչ այդ, դեռևս 1960 թվին, Համո Սահյանը իր մի քանի ընկերների հետ այցելել էր իմ արվեստանոցը, խնդրելով ծանոթանալ Չարենցի որոշ ձեռագրերի: Հիշում եմ. դարակից հանելով մի շարք էջեր, ես սիրով տրամադրեցի այն` Պոետին. մեծ ուշադրությամբ ձեռագրերը կարդալուց հետո, նկատելի հուզումով նա գրեց երկու էքսպրոմտ, որոնցից մեկը նույնությամբ հարմար եմ տեսնում ներկայացնել ընթերցողին.
Այս դարակում դաժան մի դար,
Մոխիր ցավի ու մորմոքի,
Այս դարակում մի ողջ աշխարհ,
Մի ողջ հոգի:
Այս դարակում
Մարած կյանքի մի պատմություն.
Սիրտ, ինչպես է, որ չես պայթում:
Հ.Սահյան, 4-10-60, Երևան
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրատան վարիչ Գոհար Ազնավուրյանը հոբելյանական տոնակատարության օրերին խնդրեց ինձ ծանոթացնել իրեն` Չարենցի անտիպ ձեռագրերին: Իր ազնիվ գործին անմնացորդ նվիրված այդ կինը`  Գոհար Ազնավուրյանը  այնուհետև մի շարք հանդիպումների ժամանակ ցուցաբերել է, կասեի, մայրական խնամք, ջերմեռանդ մտահոգություն և գործարար վերաբերմունք  ձեռագրերի բախտի, հանձնման ու պետականորեն պահպանելու հարցերին:
1969 թվականի աշնանը Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանը ցանկություն հայտնեց հնարավորություն ընձեռել նկարահանելու չարենցյան ձեռագրերը`  տուն-թանգարանում ցուցադրելու համար: Նկարահանումները տևեցին մոտ մեկ ամիս (լուսանկարիչ Բ. Մավիսակալյան) և ձեռագրերի լուսանկարները այժմ գտնվում են Չարենցի տուն-թանգարանում:
Վերջապես  1969 թվականի դեկտեմբերի 23-ին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, պաշտոնական մթնոլորտում, կատարվեց Չարենցի ձեռագրերի հանձնման արարողությունը` մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ներկայացուցիչների մասնակցությամբ, ներկա էր և Չարենցի կրտսեր դուստրը` Անահիտը:

Անկեղծ ասած, իհարկե ինձ համար շատ դժվար էր բաժանվել այդ ձեռագրերից, որովհետև դրանք ուղեկցել են ինձ իմ ողջ գիտակցական կյանքում և, լինելով կյանքիս ուղեկիցը` դարձել էին կարծես և կյանքիս բովանդակությունը: Հիմա, հանձնած լինելով այն թանգարան` կարծես զրկվել եմ նաև կյանքիս ուրույն բովանդակությունից, որն աշխատում եմ համալրել իմ արվեստով: Ավարտելով մասնագիտական կրթությունս Երևանի Գեղարվեստի ինստիտուտում` ես տարիներ շարունակ անդրադարձել եմ չարենցյան թեմային: 1967 թվականին Չարենցի 70-ամյա հոբելյանի օրերին բացված իմ անհատական ցուցահանդեսում նրան եմ նվիրել մոտ 25 յուղաներկ ու գրաֆիկ գործեր:
Ներկայացված 50 աշխատանքներից` այդ 25 կտավ կազմող Չարենցաշարը, որպես տարիների պրպտումների արդյունք, նպատակ ունի բացահայտել իր բնույթով եզակի մեծ բանաստեղծի կերպարը, պատկերել նրա միջավայրը և տալ նրա որոշ ստեղծագործությունների գեղանկարչական մեկնաբանումը:
Իմ ամբողջ կյանքում, առավելն ստեղծագործության ասպարեզում, Չարենցը մշտապես հանդիսացել է ներշնչման ու ոգևորության անսպառ աղբյուր: Չարենցյան ռոմանտիկայի ու խորհրդանշական մտապատկերների հախուռն ոգևորությամբ ես ցանկություն եմ ունեցել պատկերել մարդկային ազատության ձգտման դարավոր երազանքների խենթ սլացքը, տիեզերքի անհունը նվաճել ցանկացող նույն այդ մարդու առնական  ու հզոր կամքը, հասցնելով այդ ամենը հաղթական մարդու մոլեռանդ օրհներգության:
Չգիտեմ, ինձ որքան է հաջողվել թափանցել վիթխարի Չարենցի ստեղծագործության և անձնավորության անհուն խորքերը և կտավել այն, ստեղծել կտավներ Չարենցի մոտիվներով, բայց ես դա արել եմ սիրով, հավատով և, որ ամենակարևորն է, պարտքի զգացումով: Այս առիթով հարմար եմ տեսնում կրկնել հայտնի ասույթը.« Ես արի այն, ամենը, ինչ կարող էի, մյուսները թող անեն այն, ինչի ընդունակ են»:
Այժմ էլ ինձ հանգիստ չի տալիս Չարենցյան թեմայի նորովի բացահայտումը, Չարենցյան գաղափարների ու խոհերի համամարդկային արժեքները ներկայացնելը, նրա` կյանքի ու մահվան խոր փիլիսոփայության գեղանկարչական մեկնաբանումը; Եվ ես իմ ուժերի չափով ցանկանում եմ մարմնավորել այն հետագա ստեղծագործություններում:
Շարունակեմ խոսքս, ասեմ.
Իմ կյանքում եղել են թերևս միայն մի քանի նվիրական, կասեի հոգեցունց պահեր (կատարում եմ տարեթվային հուշագրական խախտում, հանուն հուշերիս բուն բովանդակության ընդգծման).
1. 1983-ին ականատեսը եղա Չարենցի 1936-37 թվականներն ամփոփող անտիպ ձեռագրերից կազմված հատորի լույսընծայմանը, որոնց պահպանումը Չարենցի հանձնարարականով ինձ էր վստահված:
2. 1975-ին մասնակցը եղա Չարենցի տուն-թանգարանի պաշտոնական բացման: Կասեմ միայն, որ այն տունը, որտեղ ապրել է մեծ բանաստեղծը իր ընտանիքով, այն տունը, որի ամեն անկյունը իմ մեջ արթնացնում է ջերմ, երջանիկ և միաժամանակ սրտաճմլիկ հիշողություններ, ինձ համար եղել է, կա և կմնա ընդմիշտ`սրբավայր:
3. Չարենցի մասին իմ հուշագրության մեջ հրամայական պահանջ էր զգացվում նյութը վավերացնող փաստերի:
Եվ ես`
1987 թ. սեպտեմբերին դիմում ուղարկեցի Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախարար Մ. Յուզբաշյանին, որում խնդրում էի` իրենց հիմնարկում պահվող Չարենցի արխիվից տալ ինձ որոշ փաստաթղթերի պատճեններ կամ տեղեկանք, հանուն շարադրանքիս ճշմարտացիության:
1989 թ. նոյեմբերին հնչեց հեռախոսազանգ Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի հատուկ բաժնից. մի  աշխատակցի ձեռքով մեր տուն բերվեց փաստաթղթի պատճենը և տեղեկանք, որով հայտնում էին, որ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների տևական ու մանրազնին որոնումներից հետո գտնվել է մի փաստաթուղթ` Հայկական ՍՍՀ  ներքին գործոց նախարարության երկու աշխատակիցների և իմ` Ռեգինա Ղազարյանի  ստորագրությամբ, որը հավաստում է, որ Չարենցի երեխաներին պատկանող ցուցակում նշված իրերը` 1937 թվին ինձ են հանձնվել, երեխաներին իմ խնամքի տակ թողնելու առիթով: Փաստաթղթի պատճենը տեղեկանքի հետ մեկտեղ այժմ պահվում է Չարենցի տուն-թանգարանում:
Որպես վերջաբան կրկնեմ.
Այսօր արդեն ձեռագրերը պետական հսկողության տակ են. և հենց այսօր դրանք շռայլորեն իրենց ծառայությունն են մատուցում մասնագետներին: Իրենց խոցոտված և տեղ-տեղ փոշիացած վիճակում անգամ, այդ ձեռագրերը դեռ լայն ասպարեզ դուրս չեկած, առաջինը ձեռք պարզեցին հենց իրեն` պոետի կրտսեր դուստր Անահիտին` տալով նրան կյանքի ուղեգիր: Գրվեցին, գրվում են և դեռ կգրվեն հատորներ: Պահպանված ամենավերջին փոշեհատիկն իսկ, իր կենսունակությամբ հոմերոսյան սեղանի փշրանք դարձած, կարող է վերաճել հաստափոր ուսումնասիրության և նոր լույս սփռել բազում հարցերի վրա ու հանդիսանալ մանրակրկիտ ուսումնասիրության առարկա` ներկա ու գալիք սերունդների համար: Չափազանցություն չի լինի ասել, որ արյունագիր այդ պատառիկներից յուրաքանչյուրը ունի դարակազիկ նշանակությունև կարոտ է հզոր գրչի և գիտական ընդհանրացումների մեծ թափի:
ՀՈԳՈՒՍ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԱԾ ԼԻՆԵԼՈՎ`ԱՅԼ ԲԱՆ  ՉԻ ՄՆՈՒՄ ԱՍԵԼ ԻՆՁ ՀԻՄԱ, ԲԱՅՑ ԵԹԵ ՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՄ ԽՈՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՆԱՐՀ ՀԱՐԳԱՆՔԸ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ՆՐԱ ՄԵԾ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մթնաձոր Ակսել Բակունց…

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։

Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։

Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։

Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մ եջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։

Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։

Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։

Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։

Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։

Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։

Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:

Ավին հիմա էլ ողջ է։

Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։

Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։

Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։

Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։

Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։

Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։

Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…

1926

Սովորող սովորեցնող նախագիծ: Թարգմանում ենք առակներ փոքրերի համար

Дедушка и Смерть

Жил старый дедушка. Было ему уже сто лет. Вот узнала Смерть, что живёт такой старый человек. Пришла к нему и говорит:

— Время уже умирать, дедушка.

— Дай приготовиться к смерти, — говорит старик.

— Хорошо, — согласилась Смерть. — Сколько тебе нужно дней?

— Три дня, — ответил дедушка.

Любопытно стало Смерти: что же будет делать старик, как он к смерти будет готовиться?

Наступил первый день. Вышел дедушка в сад, выкопал ямку и посадил дерево.

«Что же он на второй день будет делать?» — думает Смерть.

Наступил второй день. Вышел дедушка в сад, выкопал ещё одну ямку, посадил ещё одно дерево.

«Что же он на третий день будет делать?» — с нетерпением думает Смерть.

Наступил третий день. Вышел дедушка в сад, выкопал ещё одну ямку и посадил ещё одно дерево.

— Для кого же ты деревья сажаешь? — спрашивает Смерть. — Ведь ты завтра помрёшь.

— Для людей, — ответил дедушка.

И отступила Смерть от старика, убежала от него далеко-далеко.

Պապիկը և Մահը

Ապրում էր մի ծեր պապիկ: Նա արդեն հարյուր տարեկան էր: Իմացավ Մահը, որ ապրում է այդօիսի ծեր մարդ: Եկավ ծերունու մոտ և ասում է

-Ժամանակն է արդեն մահանալ պապիկ:

-Թույլ տուր օատրաստվել մահին,- ասաց պապիկը:

-Լավ,- խպատսխանեց Մահը,- քանի օր է քե հարկավոր:

-Երեք օր,- պատասխանեց ծերունին:

Մահին հետաքրքրեց թե ինչ է անելու ծեչունին, ինչպես է պատրաստվելու  մահին:

Եկավ առաջին օրը: Պապիկը դուրս եկավ այգի, փորեց մի փոս և տնկեց ծառ:

«Ինչ է անելու նա ելրորդ օրը»,-մտածում է Մահը:

Եկավ և երկրորդ օրը: Դուրս եկավ  պապիկը այգի, փորեց ևս մեկ փոս և տնլեց ևս մեկ ծառ:

«Իսկ ինչ է անելու նա երրորդ օրը »,- մտածեց Մահը:

Եկավ և երրորդ օրը: Դուրս եկավ պապիկը այգի, փորեց ևս մեկ փոս և կրկին ծառ տնկեց:

-Ում համար ես դու ծառ տնկում,-հարցնում է Մահը,- Չէ որ դու վաղը մահանալու ես:

-Մարկանց համար,- պատասխանեց ծերուկը:

Եվ ետ քաշվեց Մահը ծերունուց և գնաց շատ հեռու-հեռու:

Сладкая соль

Надоело быть соли солёной. Подумала: «Чем я хуже сахара? Он белый, и я белая, он сыпучий и я сыпучая. Только его все любят, даже причмокивают, когда чай с ним пьют, а меня словно и не замечают!» И решила она сладкой стать.
Сказано — сделано. Что тут за обедом началось! Только тот, кто хоть раз пробовал сладкий борщ и подсахаренное яйцо всмятку, может по достоинству оценить это!
Кончилось всё тем, что негодную соль выбросили на помойку и заменили новой, которая уже никогда не пыталась стать сладкой.
Քաղցր աղ 
Աղը հոգնել էր  աղի  լինելուց և մտածում է.«Ինչո՞վ եմ ես պակաս շաքարից: Նա էլ է սպիտակ,  ես էլ, նա էլ էսորուն, ես էլ: Բայց  բոլորը նրան սիրում են, նույնիսկ նրան ճպպացնում են, երբ թեյ են խմում, իսկ ինձբացարձակ չեն էլ նկատում»: Եվ նա որոշում է դառնալ քաղցր:
Ասում է և անում: Եվ  ինչ է լինում  ճաշի ժամանակ: Միայն նա, ով գոնե մեկ անգամ փորձել է քաղցր բորշչ ևքաղցրացրած խաշած ձու, կարող  է  արժանապատվությամբ գնահատել դա:
Ամեն ինչ  ավարտվեց նրանով, որ անպետք աղն նետեցին աղբամանը և փոխարինեցին նորով, որը երբեքչփորձեց լինել քաղցր:

Դինո Բուցատի, «Առնետները»

Տեսնես ի՞նչ եղան իմ բարեկամ Կորիոները: Ի՞նչ է կատարվում նրանց գյուղական հին ամառանոցում, որ Դոգանելլա է կոչվում: Անհիշելի ժամանակներից, ամեն ամառ նրանք մի քանի շաբաթով ինձ հրավիրում էին իրենց ամառանոցը: Այս տարի առաջին անգամն էր, որ չհրավիրեցին: Ջովաննին ինձ մի քանի տող է գրել` ներողություն խնդրելու համար: Հետաքրքիր նամակ է, որն աղոտ կերպով ակնարկում է ընտանեկան դժվարություններն ու տհաճությունները ու չի բացատրում ոչինչ:
Ինչքա՜ն ուրախ օրեր եմ անցկացրել նրանց այդ տանը, անտառների միայնության մեջ: Այսօր, հին հիշողություններից առաջին անգամ հառնում են այնպիսի փաստեր, որոնք այն ժամանակ ինձ առօրյա ու անկարևոր էին թվում: Ու հիմա հանկարծակի բացահայտվում են:


Օրինակ, միտս է գալիս մի տեսարան, (երկրորդ անգամն էր, որ հյուր էի գնում Կորիոներին) որին ականատես եղա հեռավոր մի ամռանը, պատերազմից շատ առաջ:
Արդեն առանձնացել էի երկրորդ հարկի անկյունի իմ սենյակում, որը բացվում է պարտեզի վրա, (նաև հաջորդ ամառներն էի մնում այնտեղ) ու պատրաստվում էի քնել, երբ մի ցածր աղմուկ լսվեց դռան ներքևի մասում գտնվող մի քերծում: Գնացի բացելու: Մի պստիկ մուկ ճողոպրեց ոտքերիս արանքով, կտրեց-անցավ սենյակն ու գնաց թաքնվելու կոմոդի տակ: Մի տեսակ ծանր-ծանր էր վազում, ու ես լրիվ կարող էի հասցնել ճզմել նրան: Բայց նա այնքան նուրբ էր ու անպաշտպան:
Պատահմամբ, հաջորդ առվոտյան, այդ մասին խոսեցի Ջովաննիի հետ:
-Ախ հա՜,-ասաց նա ցրված,- տանը ժամանակ առ ժամանակ լինում են առնետներ:
-Պստլիկ մուկ էր ընդամենը…անգամ սիրտս չտարավ….
-Այո, պատեկերացնում եմ: Բայց ուշք մի’ դարձրու…
Խոսակցության նյութը փոխեց, ասես դա տհաճ էր իր համար:
Հաջորդ տարին: Մի երեկո թղթախաղ էինք խաղում, կլիներ արդեն գիշերվա տասներկուսն անց կես, երբ հարևան սենյակից մի չխկոց լսվեց, մետաղական մի ձայն, նման զսպանակի հանած ձայնի:
– Այդ ի՞նչ է,- հարցրեցի ես:
– Ես ոչինչ չլսեցի,- ասաց Ջովաննին խուսափողաբար,- իսկ դո՞ւ, Էլենա, լսեցի՞ր ինչ-որ բան:
– Ե՞ս, չէ՛,- պատասխանեց նրան կինը` մի քիչ շիկնելով,- ինչո՞ւ:
– Ինձ թվաց, այնտեղից, այն սենյակից մետաղական մի ձայն լսեցի…:
Նեղվածության նշույլ նկատեցի նրանց աչքերում:
– Լավ, ի՞մ հերթն է բաժանելու:
Չէր անցել տասը րոպե, ևս մի չխկոց, այս անգամ` միջանցքից, որին ուղեկցվեց մի բարակ ծղրտոց, ասես գազանի:
– Ասա° Ջովաննի,- հարցնում եմ,- առնետների համար թակա՞րդներ եք դրել:
Կինը, թե.
– Այդ ի՞նչ անցավ ձեր մտքով: Այստեղ հազիվ մի երկու-երեք առնետ լինի:
Անցավ մի տարի: Հենց նոր էի մտել նրանց ամառանոցը. տեսնեմ երկու հոյակապ կատու, օժտված արտակարգ շարժունությամբ, սորիանա ցեղատեսակի, ատլետիկ մկանային կազմվածքով, մետաքսյա բրդով, որ բնորոշ է առնետներով սնվող կատուներին: Ասում եմ Ջովանիին.
– Ա՜, վերջապես վճռեցիք: Ո՞վ գիտե, ի՜նչ մեծ կերուխում են անում սրանք: Քանզի այստեղ երբեք մկների պակասություն չեն զգում:
– Դե,- ասում է նա,- մեկ-մեկ….Եթե ստիպված են սնվել միայն մկներով…
– Բայց տեսնում եմ, որ գեղեցիկ ու կուշտ տեսք ունեն այդ փիսիկները:
– Հա՛, լավ տեսք ունեն, առողջ են: Գիտե՞ս, խոհանոցում Աստծո բոլոր բարիքներից էլ գտնում են:
Անցնում է ևս մի տարի. այցելելով նրանց ամառանոցը, ինչպես միշտ, արձակուրդներիս օրերին, տեսնեմ այն երկու կատուները նորից հայտնվում են: Բայց այլևս նախկին խրոխտ ու շարժուն կենդանիները չեն, հակառակը, հալից ընկած, անուժ ու լղարած: Այլևս արագորեն չեն վազվզում մի սենյակից մյուսը: Հակառակը, հիմա միշտ քարշ են գալիս իրենց տիրոջ ոտքերի տակ, ալարկոտ, զուրկ` որևէ նախաձեռնությունից: Հարցնում եմ.
-Հիվանդացե՞լ են: Էս ինչո՞ւ են էսպես հալից ընկել: Չլինի՞ այլևս մուկ չունեն ուտելու:
-Կռահեցիր: Ամենատխմար կատուներն են, որ երբևէ տեսել եմ: Խռովել են, այն ժամանակից ի վեր, ինչ մկներ այլևս չկան… Դրանց հետքն էլ չի մնացել: Ու ինքնագոհ հռհռում է:
Քիչ հետո, նրա ավագ որդին, ինձ մի կողմ է տանում` դավադիր տեսքով.
– Գիտե՞ս՝ որն է պատճառը: Նրանք վախենում են:
– Ո՞վ է վախենում: Նա, թե.
– Կատուները…վախենում են: Հայրիկը երբեք չի ուզում, որ այդ մասին խոսվի, դա նրան տհաճություն է պատճառում: Բայց, որ կատուները վախենում են, հաստատ է:
– Ումի՞ց են վախենում:
– Առնետներից, էլ ումի՞ց: Մի տարվա մեջ, նրանց թիվը տասից հարյուրի է հասել…Էն էլ հո առաջվա մկնիկները չեն: Հիմա վագրեր են դարձել: Խլուրդից ավելի մեծ են, կոշտ ու սև մորթով: Մի խոսքով, կատուները չեն համարձակվում հարձակվել:
– Բա դուք ոչինչ չե՞ք անում:
– Դե, ինչ-որ բան պետք է արվի, բայց հայրիկը երբեք չի կարողանում վճիռ կայացնել: Չեմ հասկանում ինչու, բայց դա մի նյութ է, որը լավ կլինի չշոշափել: Նա անմիջապես նյարդայնանում է…
Հաջորդ տարի, հենց առաջին իսկ գիշերը, սենյակիս վերևում մի ուժեղ իրարանցում լսեցի, ասես մարդիկ էին վազվզում: Թրը՜խկ, շրը՜խկ: Սակայն շատ լավ գիտեի, որ վերևի հարկում ոչ ոք չէր կարող լինել, որ այն լցված է հին կահույքով, արկղերով ու նման բաներով:
– Գրո՛ղը տանի, այս ի՞նչ հեծելազոր է,- ասում եմ ինքս ինձ,- էդ առնետները բավական խոշոր պիտի լինեն: Քանզի այնպիսի աղմուկ են հանում, որ քնել չեմ կարողանում:
Հաջորդ օրը, սեղանի մոտ, հարցրի.
– Բայց ոչ մի միջոց չեք ձեռնարկո՞ւմ առնետների դեմ: Ձեղնահարկում սարաբանդա էր այս գիշեր:
Տեսնում եմ, թե ինչպես է Ջովաննիի դեմքը մթնում.
– Առնետնե՞րը: Ի՞նչ առնետների մասին ես խոսում: Տանը, փա՜ռք Աստծո, այլևս առնետներ չկան:
Նաև իր ծեր ծնողներն են ընդվզում.
– Ի՞նչ առնետներ: Երևի երազումդ ես տեսել, սիրելիս:
– Սակայն,- ասում եմ ես,- վստահեցնում եմ, որ մի քառասունութ հատ կլինեին, առանց չափազանցության: Որոշ պահերի տեսնում էի, թե ինչպես է առաստաղը դողում:
Ջովաննին ընկավ մտքերի մեջ:
-Գիտե՞ս՝ ինչ կարող է լինել: Երբևէ քեզ դա չէի ասի, քանզի մարդ ես, կարող է` ազդի վրադ, բայց այս տանը ոգիներ կան: Ես էլ եմ հաճախ նրանց լսում… Ու գիշերներ են լինում, սատանան մտնում է նրանց մեջ:
Ես ծիծաղում եմ.
– Ինձ երեխայի տե՞ղ ես դրել: Ո՜նց չէ, ուրավականներ: Դրանք հաստատ առնետներ էին, խոշոր առնետներ… Ի դեպ, ու՞ր են այն երկու կատուները:
– Նրանց դուրս արեցինք, եթե ուզում ես իմանալ… Բայց ինչը առնետներին է վերաբերում, հաստատ սևեռուն գաղափար ունես: Ուրիշ բանից չես կարո՞ղ խոսել… Ի վերջո, սա գյուղական տուն է, հո չես կարծում, թե…
Ես ապշած նայեցի նրան: Բայց ինչո՞ւ է այդպես նյարդայնանում: Նա, որ սովորաբար այնքան սիրալիր է ու մեղմաբարո:
Հետագայում նաև Ջորջոն` նրա առաջնեկ որդին, ներկայացրեց իրավիճակի պատկերը.
– Հայրիկին մի՛ հավատա,- ասում է ինձ: -Ինչ որ լսել ես, ճիշտ է: Դրանք առնետներ են. երբեմն լինում է, մենք էլ չենք կարողանում քնել: Դու տեսել ես դրանց, իսկական հրեշներ են, ածխի պես սև, խոզանակաձև մորթով… Իսկ այն երկու կատուներին, եթե ուզում ես իմանալ, նրանք ենք սպանել… Դա եղավ գիշերով: Արդեն մի երկու ժամ էր քնած էինք, երբ սարսափելի մլավոցները արթնացրին մեզ: Սրահում հարայհրոց էր: Այդժամ մահճակալներից ցած թռանք, բայց կատուներից ոչ մի հետք չէր մնացել այլևս… միայն մորթու մազափնջեր… այս ու այնտեղ` արյան բծեր:
– Բա ոչ մի բան չեք անու՞մ: Թակարդներ: Թույն: Չեմ հասկանում, ինչպե՞ս հայրդ չի մտածում այդ մասին:
– Ոնց չենք անում: Իր սևեռուն գաղափարն է դարձել: Բայց նա ևս հիմա վախենում է, ասում է, ավելի լավ է, չգրգռել նրանց, ինչը ավելի վատ է լինելու: Ասում է, միևնույն է, հիմա էլ ոչինչ չես կարող անել, երբ արդեն չափից դուրս բազմացել են… Ասում է, միակ բանը, որ կարելի է անել, տունը հրդեհելն է… Հետո… հետո գիտե՞ս՝ ինչ է ասում, ծիծաղելի է այդ մասին մտածելն անգամ:
– Ասում է` պետք չէ նրանց կտրուկ հակառակվել:
– Ո՞ւմ:
– Առնետներին: Ասում է, մի օր, երբ ավելի շատանան, կարող են նաև վրեժխնդիր լինել…
Երբեմն մտածում եմ, թե հայրիկը խելքը թռցրել է: Գիտե՞ս, որ մի երեկո նրան բռնացրի այն պահին, երբ երշիկի մի կտոր էր նետում նկուղի մեջ: Համեղ պատառ սիրելի գազանիկների համար: Ատում է նրանց, բայց վախենում է նրանցից: Ու չի ուզում նրանց բարկացնել:
Ու այդպես, դա շարունակվեց տարիներ: Մինչև որ անցյալ ամառ իզուր սպասեցի, որ սենյակիս վերևում վերսկսվի նույն սովորական աղմուկ-աղաղակը: Լռություն, վերջապես: Մեծ լռություն: Միայն ծղրիդների երգն էր լսվում պարտեզից:
Առավոտյան, աստճանների վրա հանդիպում եմ Ջորջոյին:
– Շնորհավորում եմ,- ասում եմ նրան,- բայց կարո՞ղ ես ինձ ասել, թե ինչպես ձեզ հաջովեց դրանց հախից գալ: Այս գիշեր մի մկնիկ անգամ չկար ողջ ձեղնահարկում:
Ջորջոն նայեց ինձ թերհավատ ժպիտով: Հետո.
– Հապա արի՛,- ասաց,- արի՛ ու տե՛ս:
Ինձ տարավ մի նկուղ, ուր մի փակ հորատանցք կար:
– Հիմա նրանք այստեղ են,- շշնջաց նա: -Մի քանի ամիս է, ինչ հավաքվել են այստեղ, կոյուղու հորատանցքի մեջ: Տան միջով վազվզում են մի քանիսը միայն: Այստեղ են, ներքևում…լսի՛ր…
Լռեց: Ու հատակի տակից լսվեց դժվար նկարագրելի մի ձայն. մի շրշյուն, մի աղոտ սվսվուն, մի խուլ թնդյուն, ասես մի անհանգիստ ու կենդանի նյութ, որը եռման մեջ էր գտնվում. ու դրանց միջև` դարձյալ ձայներ, փոքրիկ սուր ճիչեր, սուլոցներ, փսփսոցներ.
– Բայց քանի՞սն են,- հարցրի սարսուռ զգալով:
– Ո՞վ գիտե: Գուցե միլիոններ… Հիմա նայի՛ր, բայց շո՛ւտ արա:
Մի լուցկի վառեց ու վեր հանեց հորատանցքի կափարիչը, հետո թողեց այն ընկնի անցքը: Մի պահ միայն տեսա. անձավի պես մի բանի մեջ, տենդորեն վխտացող սև արարածներ, որ կուտակվում էին իրար վրա մոլեգնորեն: Ու այդ զզվելի իրարանցման մեջ կար մի զորություն, դժոխային մի կենսունակություն, որն այլևս ոչ ոք չէր կարողանա կանգնեցնել: Առենտնե՜րը: Տեսա նաև պսպղացող բիբեր, հարյուր հազարավոր, որ ուղղված էին վեր ու չար հայացքով` սևեռում էին ինձ: Բայց Ջորջոն վար բերեց կափարիչը, որը խուլ աղմուկ հանեց:
Իսկ հիմա՞: Ինչու՞ է Ջովաննին գրել, թե այլևս չի կարող ինձ հրավիրել իրենց ամառանոց: Ի՞նչ է պատահել: Մի պահ գայթակղություն ունեցա նրան այցելելու, ուղղակի իմանալու, թե ինչ էր պատահել: Բայց խոստովանում եմ, քաջություն չունեցա: Զանազան աղբյուրներից ինձ հասան տարօրինակ լուրեր: Այնքան տարօրինակ, որ մարդիկ այն կրկնում եմ որպես հեքիաթ ու ծիծաղում դրանց վրա: Բայց ես չեմ ծիծաղում:
Ասում են օրինակ, թե Կորիոյի երկու ծեր ծնողները մահացել են: Ասում են, թե այլևս ոչ ոք ամառանոցից դուրս չի գալիս, և թե նրանց ուտելիք է տանում գյուղի բնակիչներից մեկը, ով կապոցը թողնում է անտառի եզրին: Ասում են, թե ոչ ոք չի կարող ամառանոց մտնել. թե հսկա առնետներն այն զավթել են, և որ Կորիոները նրանց ստրուկներն են դարձել:
Մի գյուղացի, որը մի անգամ մոտեցել է նրանց տանը (բայց ոչ շատ մոտ, քանզի հենց ամառանոցի շեմի վրա սպառնալից տեսքով այդ արարածներից մի դյուժին, հսկում է) ասում է, թե նկատել է տիկին Էլենա Կորիոյին` ընկերոջս կնոջը, մեղմ ու սիրալիր այդ անձնավորությանը: Խոհանոցում է եղել, սալօջախի մոտ, քրջոտ շորերով. ու խառնելիս է եղել մի մեծ կաթսա, մինչ նրա չորսբոլորը առնետների գարշահոտ խմբերը շտապեցնում էին նրան, անհամբեր` խժռելու կերակուրը, որ նա պատրաստում էր:
Նա շատ հոգնած ու հյուծված տեսք է ունեցել: Նկատելով այդ նայող մարդուն` նրան ձեռքով մի հուսահատ շարժում է արել, կարծես ուզենալով ասել.
– Մի՛ մտածեք այդ մասին: Արդեն չափազանց ուշ է: Մեզ համար այլևս ոչ մի հույս չկա:

ԼՈՒԻՍ ՖԵՐՆԱՆԴՈՒ ՎԵՐԻՍԻՄՈՒ,(ՔԻԹԸ)

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո  կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված, բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց.
– Հենց հիմա դա հանիր:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում, — երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո գիշերազգեստը  հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում, որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր`  ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա,- ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որովհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։ 1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան էր ստեղծվել , որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն գորգ ծածկել էպատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայեցինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունեցին, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում է մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան:(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, դպրոցում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
8. Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծել էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Մահմուդ Բադաուի «Օձը»

Երբ անցա շեյխ Աբդ ալ-Ալիմ Բաքրի կողքով, նա նստած էր լոտուսի ծառի տակ՝ գյուղի երկաթգծի մոտ, իսկ նրա շուրջը մի քանի գյուղացիներ էին: Նա նստած էր ջրի պոմպի մոտ և ինձ կանչեց իր մոտ՝ սուրճ խմելու ու իր հետ հաշվարկ անելու:
Այդ օրը անտանելի շոգ էր, իսկ ես ծարավ էի ու հոգնել էի վազվզոցից և ուրախությամբ քայլեցի նրա կողմը՝ հովին նստելու: Մոտս առավոտվա ամսագիրն էր, որն առել էի Իբն Հուսեյն կայարանից: Շեյխ Աբդ ալ-Ալիմը վերցրեց այն՝ կարդալու նորությունները, ու սկսեց ինձ հարցեր տալ բամբակի շուկայի բացման մասին, գյուղերում խմելու ջրի մատակարարումից,  գյուղացիներին օգնելուց ու աջակցելուց, ովքեր կառուցում էին արևելքում իր երկաթգիծը:

Գյուղացիները կանգնած լսում էին նրան ու չգիտեին ինչ ասել, քանի որ նրանց կարծիքով մենք լուսավորյալներ էինք, ու իրենք չեն կարողանա ճանաչողությամբ և հասկացողությամբ հասնել մեր մակարդակին: Այնուհետև շեյխ Աբդ-ալ-Ալիմը դադարեցրեց խոսակցությունը, և ես տեսա, թե ինչպես է նայում ինչ-որ մեկին, ով անցնում էր գնացքի գծերով՝ մոտենալով պոմպին: Նրան հետևում էր համայնքի պահակ Աբդ ալ-Բասիրը: Տղամարդը, երբ մոտեցավ, ճանաչեցի նրան. Մ’ամուն Աբդ ալ-Ռահմանն էր ՝ շեյխի հողամասում աշխատող բանվորներից մեկը:
-Ո՞ւր են են փողերը, Մ’ամո՛ւն-, միանգամից հարցրեց շեյխը:
– Համեցե՛ք:
-Բա մնացա՞ծը:
-Ես մեկ ակր ու մեկ երրորդ եմ մշակել քո մեքենայով, Աբդ ալ-Ալիմ բեյ:
-Դու մշակել ես մեկ ակր ու կես: Ապացույցը քո հողամասի տարածքն է ու նաև Իսմայիլ էֆենդին: Ամեն սեզոնին մենք այս վեճն ենք ունենում, այնպես որ գնա՛ ու մնացածը բե՛ր:
– Մոտս ախր էլ չկա:
-Ուրեմն  վերցրու փողը, ու երբ մնացորդն էլ ունենաս, կբերես:
– Ո՞րտեղից: Երեխաների՞ս ծախեմ:
-Գնա՛ ու ծախի՛ր ցորենի դաշտդ, կամ ոչխարդ, կամ երկու այծերդ, որոնք ուտում են ուրիշի սեփականությունը:
-Ես ապրելու ուրիշ եկամուտ չունեմ: Դրանց ապրելու իրավունքներն ավելի շատ են, քան քոնը:
-Ի՞նչ ասացիր:
-Ասացի, որ դու դրա իրավունքը չունես, բե՛յ:
-Լավ, առավոտյան կգանք, կվերցնենք հողամասդ ու ցուլդ:
-Մենք կարծես քո հողերի ստրուկները լինենք: Ինչքա՞ն է այսպես շարունակվելու:
-Ի՞նչ ասացիր, ա՛յ շուն:
Այնուհետև Աբդ ալ-Ալիմը ոտքի կանգնեց ու սկսեց ուժգին հարվածել Մ’ամունի դեմքին ու փորին: Մենք ստիպված հետ պահեցինք նրան, վերջինս վերդարձավ ու իր տեղը նստեց: Նա չէր դադարում զայրույթից հոխորտալ ու սպառնալ գյուղացուն, որ ֆերմայից դուրս կշպրտի:
Հետո սկսեցինք ամեն ինչ անել, որ մի կերպ շեյխին հանգստացնենք, որ կատաղությունն ու պոռթկումն անցնեն:
Այդ պահին արևը վառում էր, կարծես հուլիսի ամենաշոգ պահն էր և կրակը գետնի տակից է դուրս գալիս: Մեր ոտքերի տակ հողը հարթ էր ու չոր, իսկ ցորենի ցամաքած արմատները պարզ երևում էին հողի մեջից: Թեթևակի ջրված դաշտերը աննշան կանաչ գույն ունեին ու մի կերպ դիմանում էին անտանելի շոգին ու երաշտին:
Նեղոսը մոտ էր, սակայն արտերից ցածր էր հոսում, ու գյուղացիները նրա ջրից չէին կարողանում օգտվել՝ հողերը ոռոգելու համար: Նրանք անասուններին տանում էին գետ՝ լողացնելու ու ջուր խմեցնելու: Փոքրիկ արահետ կար դեպի ջուրը գնացող կանանց համար, որպեսզի նրանք գնան և լցնեն իրենց կժերը, ու մեկ այլ ճանապարհ անասունների լողանալու համար էր:
Աբդ ալ-Ալիմի որդին մի քանի տղաների հետ ֆերմայից իջավ Նեղոսի ափ: Նրանք սկսեցին ցեխով խաղալ ու ավազով տներ կառուցել: Շեյխ Աբդ ալ-Ալիմը չէր արգելում որդուն, քանի որ դա միակ խաղն էր, որ երեխան կարող էր խաղալ: Գործերից հետո հայրը նրան տանում էր տուն: Շեյխը արդեն ավարտել էր իր հաշվարկները գյուղացիների հետ ու պատրաստվում էր գնալ կեսօրյա աղոթքին, երբ անսպասելի բղավոց լսեցինք.
-Արագ եկե՛ք: Հասանն է: Աբդ ալ-Ալիմի որդին…
Ես կարծեցի , թե տղան խեղդվում է: Նրա հոր հետ արագ վազեցինք գետի ափ, ու մեր հետևից՝ բոլոր նրանք, ովքեր լսել էին գյուղացիների ձայները: Երբ տեղ հասանք, սարսափած աչքերով ներքև նայեցինք՝ վախենալով որևէ քայլ անել, որ հանկարծ մի ահավոր բան տեղի չունենա. մի հսկայական բծավոր օձ գալարվում էր Հասանի շուրջը , իսկ Հասանը, վախից սարսափած ու խուճապահար, կպել էր պատին ու չէր կարողանանում ո՛չ շարժվել, ո՛չ գոռալ: Օձը բոլորովին անշարժ էր ու կարծես սառած լիներ: Մենք անգամ կասկածում էինք՝ ողջ է, թե՞ սատկած: Նա չէր իջնում ո՛չ ներքև, ՛ոչ էլ դուրս էր գալիս ջրից: Ջրի մեջ այդ ժամանակ կանգնած էր մի կով, որը Մ’ամունինն էր, և բոլորովին ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է կատարվում իր շուրջը: Կովը կանգնած էր օձի դիմաց, և մենք վախենում էինք նրա շարժվելուց, որովհետև կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ: Մենք սևեռվել էինք, սարսափած էինք և անկարող` ինչ-որ բան անելու: Դա ամենաահռելի, երկար ու խոշոր օձն էր, որ ես երբևէ տեսել էի. այն կարծես նման էր ինչ-որ արարածի, որ դժոխքից էր դուրս եկել: Բոլորս մտածում էինք ու չէինք հասկանում, թե ինչպես սպանենք օձին. եթե կտրուկ շարժում անեինք, նա հաստատ տղային կսպաներ: Այդ պահին իմ միջով կարծես էլեկտրական հոսանք անցավ: Ինձ թվում էր, թե ոտքերիս տակ բազմաթիվ օձեր են սողում, որոնք դուրս են եկել գետնի ճեղքից, ու ես սկսեցի կանգնածս տեղը ոտքս թափահարել ու գետնին խփել: Ես վախեցած նայեցի, ու ինձ թվում էր, թե այդ օձերից մեկը բարձրացել ու փաթաթվել է վզիս:
Ես այսպիսի երևակայական պատկերացումների մեջ էի, երբ գյուղացիներից մեկը մեծ քար շպրտեց օձի վրա, սակայն օձին չդիպավ: Եթե այդքան անփույթ կերպով չշպրտեր, միգուցե ամեն ինչ լավ վերջանար: Աղմուկ սկսվեց, ու բոլորն սկսեցին գոռալ: Շեյխ Աբդ ալ-Ալիմը նույնպես բղավեց ու նշան բռնեց իր հրացանով, սակայն նրա ձեռքերեը ուժգին դողում էին, ու նա չէր կարող կրակել:
-Կրակի՛ր, Հասա՛ն,- գոռաց նա գյուղացիներից մեկին,- կրակի՛ր:
-Գնդակը կարող է վնասել քո տղային կամ կովին: Ոչ ոք չի կարող կրակել օձի գլխին, երբ նա այսպես շարժվում է:
-Կրա՛կ, ա՛յ տղա, կրա՛կ:
Մենք բոլորս ճնշված էինք ու չգիտեինք ինչ ելք գտնել. տղայի կյանքն ամբողջովին օձի ողորմածությունից էր կախված:
Այդ պահին մի կրակոց հնչեց. օձն ու կովը նվաղեցին ու ընկան: Մենք հետ նայեցինք՝ տեսնելու, թե որտեղից էր կրակոցը: Ու տեսանք Մ’ամունին, որ կանգնած էր հրացանը ձեռքին: Բոլորս գիտեինք, որ Մ’ամունն էր կրակողը: Հենց նա՛, ուրիշ ոչ ոք չէր կարող կրակել այդ գնդակը:
Երբ շեյխ Աբդ ալ-Ալիմը գրկեց իր որդուն, գրպանից գումար հանեց, որպեսզի վճարի Մաամունին կովի գինը, սակայն Մաամունը նրա վրա շպրտեց փողերը, որոնք թափվեցին գետնին: Նա թեքվեց ու իր ճանապարհով հետ գնաց՝ մենակ ու գլուխը կախ, կարծես ոչինչ չէր եղել:
Շեյխ Աբդ ալ-Ալիմին երբեք չէի տեսել այդքան ստորացված ու նվաստացված, ինչպես այդ պահին: