Երեխաների մասնակցությունը և ակտիվ ներգրավումն ապահովելու, նրանց մտածողության խթանման և սովորելու հմտությունների զարգացման համար չափազանց կարևոր դեր ունեն առաջադրվող հարցերն ու հարցադրումները: Հարցերը կամ հարցադրումները երեխաների մտածողությունը խթանելու, տեղեկատվությունը հիմնավոր ընկալելու, համակարգելու, ստեղծագործական և քննադատական մտածողությունը զարգացնելու կարևոր գործոն են: Հարցերը պետք է լինեն`
— հստակ,
— նպատակաուղղված,
— հակիրճ,
— տեղին,
— երեխաների մակարդակին համապատասխան,
— տրամաբանական հաջորդականությամբ,
— մտածելու տեղիք տվող:
Ուսուցման ընթացքում շատ կարևոր է կիրառել երեխայի մտածողությունը խթանող հարցեր, որոնց անվանում ենք բաց հարցեր: Ի տարբերություն փակ հարցերի, որոնք նպատակաուղղված են ստուգելու երեխայի հիշողությունը կամ սահմանափակելու պատասխանի ընտրության հնարավորությունը, բաց հարցերը հնարավորություն են տալիս երեխային ազատ մտածելու, սեփական տեսանկյունից հարցերը դիտարկելու և իր կարծիքը հայտնելու:
Փակ հարցերը ենթադրում են մեկ ճիշտ պատասխան, ուստի խորհուրդ չի տրվում այս տիպի հարցերը հաճախ օգտագործել և սահմանափակել երեխայի ինքնարտահայտման հնարավորությունները:
Մանկավարժները պետք է խթանեն երեխայի մտածողության ակտիվությունը բաց հարցերի միջոցով, որոնք չեն ենթադրում միանշանակ պատասխան:
Օրինակ`
— Ի՞նչ զգացիք երաժշտությունը լսելիս:
— Ի՞նչ է բերում գարունն իր հետ:
— Ինչպե՞ս կօգնեիր հիվանդ տիկնիկին:
— Ինչպիսի՞ ավարտ կառաջարկեիր այս պատմության համար:
— Ի՞նչ կանեիր հերոսի փոխարեն:
— Ինչպե՞ս կբնութագրեիր գլխավոր կերպարին և այլն:
Խորհուրդներ դաստիարակին.
- Համոզվե՛ք, որ երեխաները հասկացել են հարցը:
- Հարցը ձևակերպե՛ք հակիրճ:
- Հարցը ձևակերպե՛ք հստակ:
- Կշռադատե՛ք հարցի բարդությունը և երեխաներից պատասխաններ ստանալու հնարավորությունը:
- Մի՛ տվեք անորոշ հարցեր:
- Մի՛ ուղղորդեք երեխաներին դեպի Ձեր նախընտրած պատասխանը:
- Մի՛ պատասխանեք հարցերին ինքներդ: