Ուսուցման մեթոդներ
Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդների օգնությամբ: Մեթոդը նպատակին հասնելու միջոց է, ուղի: Այն գործիք է դաստիարակի համար իր կրթադաստիարակչական նպատակներին հասնելու ճանապարհին:
Ներկայումս նախադպրոցական կրթության դիդակտիկայում լայն տարածում են գտել ուսուցման ժամանակակից մեթոդները` խաղային, գործնական, ակտիվ ուսուցման մեթոդները: Վերջիններս հայտնի են որպես ինտերակտիվ կամ փոխգործուն մեթոդներ:
Խաղային մեթոդների առավելությունները պայմանավորված են խաղային մթնոլորտի բարձր հուզականությամբ, երեխայի համար խաղի բնական և հոգեհարազատ բնույթով:
Ուսուցանող են խաղի բոլոր տեսակները, որոնք կատարում են երկու կարևոր գործառույթ.
— նպաստում են գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը,
— խթանում են նոր գիտելիքների արդյունավետ յուրացումը:
Խաղի յուրաքանչյուր տեսակ երեխայի զարգացմանը նպաստող ուրույն մեթոդ է: Հետաքրքիր խաղային մեթոդ է երևակայական իրադրությունների խաղարկումը, որի ընթացքում երեխան գիտելիքներ և կարողություններ է ձեռք բերում դերային գործողությունների միջոցով:
Ուսուցման գործնական մեթոդների խմբին են դասվում տարատեսակ վարժությունները, փորձերը, հետազոտությունները և մոդելավորումը:
Ակտիվ ուսուցման մեթոդները (փոխգործուն մեթոդները) նպաստում են երեխաների ազատ և ինքնուրույն մտածելու, սեփական կարծիք հայտնելու, պատասխանատու որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու հմտությունների զարգացմանը, ճանաչողական գործընթացում ինքնուրույն կողմնորոշմանը: Այդ մեթոդները զույգերով, խմբով մտավոր աշխատանքի եղանակներն են` ուղղված համատեղ որոնումների և մտորումների քննարկմանը, ընդհանուր որոշումների կայացմանն ու իրագործմանը:
Ուսուցման փոխգործուն մեթոդները համապատասխանում են երեխայակենտրոն ուսուցման սկզբունքներին և արդյունավետ են:
Փոխգործուն մեթոդները բացառում են որևէ մեթոդի առաջնայնությունը, գերակայությունը, ինչպես նաև մեկ մեթոդի գերակշռությունը մյուսների նկատմամբ:
Փոխգործուն ուսուցման սկզբունքներն են.
— փոխազդեցությունը, փոխուսուցումը,
— երեխայի ակտիվությունը,
— համագործակցությունը,
— ինքնարտահայտման խրախուսումը,
— հետադարձ կապը:
Փոխգործուն մեթոդների առանձնահատկություններն են.
— երեխայի իմացական գործընթացների կազմակերպումը,
— հետաքրքրությունների բացահայտումը,
— համագործակցային կարողությունների զարգացումը,
— անհատական առանձնահատկությունների բացահայտումը,
— հաղորդակցական ունակությունների ձևավորումը,
— տրամաբանական մտածողության զարգացումը,
— ինքնուրույնության խրախուսումը,
— վերլուծական կարողությունների ձևավորումը:
Փոխգործուն մեթոդների արդյունավետ կիրառման ընդհանուր բանաձևեր չկան: Ցանկացած խումբ, պարապմունք եզակի է և անկրկնելի: Դաստիարակի խնդիրն է ընդհանուր սահմանված մեթոդը հարմարեցնել կոնկրետ իրավիճակին, իր ունեցած մեթոդական զինանոցից ընտրել համապատասխան մեթոդը` ելնելով իրականացվող աշխատանքի նպատակներից