Աերոզոլներ, գազային միջավայրում լողացող պինդ կամ հեղուկ մանր մասնիկներից բաղկացած համակարգեր։ Մասնիկները շատ փոքր են՝ 10-7-10-2 սմ։ Աերոզոլներն անկայուն են. ծանրության ուժի ազդեցությամբ մասնիկները նստում են՝ հաճախ նախօրոք կպչելով իրար։ Դրանք կարող են միջավայրից կլանել իոններ և լիցքավորվել։ Նույնանուն լիցքավորված մասնիկներով աերոզոլներն ավելի կայուն են։
Բնական աերոզոլնե
Բնական աերոզոլներից են ծուխը, չոր մշուշը, մառախուղը, ամպը և այլն։ Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար հատկապես վտանգավոր է մուրը, որով հագեցած է խոշոր քաղաքների օդը. այն թափանցում է մարդկանց շնչառական օրգաններ, նստում հողի, ջրի, բույսերիվրա։ Մեծ է նաև շրջապատն աղտոտող սուլֆատների հասցրած վնասը, որոնք, անջատվելով մթնոլորտից, առաջացնում են թթվային անձրևներ և զանգվածային թունավորումների պատճառ դառնում։ Վտանգավոր աերոզոլներ են առաջացնում նաև գիպսը, ասբեստը, մետաղների (երկաթ, կապար, ցինկ, մոլիբդեն, սելեն, տելուր) օքսիդները։ Հատկապես վտանգավոր է կապարը։ Ավտոմոբիլային մեկ շարժիչը աերոզոլի ձևով տարեկան մթնոլորտ է արտանետում մոտ 1 կգ կապար։
Աերոզոլների պինդ մասնիկները, խառնվելով օդում եղած ջրի մանր կաթիլներին, հաճախ գոյացնում են մառախուղի հատուկ տեսակ՝ սմոգ։ Ուժեղ սմոգը մարդկանց մոտ առաջացնում է շնչահեղձություն, բրոնխային հեղձուկ, ալերգիա, աչքերի բորբոքում։ Օդում աերոզոլների առաջացումը վնասակար է մարդկանց և շրջակա միջավայրի համար, հատկապես՝ ցեմենտի, քիմիական և մանվածքների արտադրություններում։ Որոշ աերոզոլներ պայթուցիկ են, օրինակ՝ ածխի, ալյուրի և շաքարի փոշիները։ Միջուկային պայթյունները սովորաբար առաջացնում են խիստ վտանգավոր ճառագայթաակտիվ աերոզոլներ։
Թունավոր աերոզոլների դեմ պայքարի հիմնական եղանակներն են զտումը, լվացումը, առաջացման պատճառների վերացումը, էլեկտրական դաշտի և ձայնային ալիքների կիրառումը։ Արհեստական անձրևների առաջացումը, կարկտաբեր ամպերի և մառախուղների ցրումը նույնպես իրականացվում են աերոզոլները վերացնելով։
Արհեստական աերոզոլներ
Արհեստական աերոզոլներն օգտագործվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, բժշկության մեջ, ինչպես նաև կենցաղում։ Մշակաբույսերի, անտառներիվնասատուների և հիվանդությունների, կենցաղային վտանգավոր միջատներիդեմ պայքարում են թունաքիմիկատային աերոզոլներով։
Արդյունաբերական և գյուղատնտեսական աերոզոլները ճիշտ չկիրառելու դեպքում կարող են առաջանալ թունավորումներ և հիվանդություններ։